Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձի արմատները գալիս են 2007-ից

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պաշտոնական տեղեկության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:

Մահափորձի խորը արմատները

Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել:

Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեև լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:

ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:

Ձերբակալվածները խոստովանել են

«Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:

Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից և իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն և սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Ի դեպ, մեզ լուրեր հասան նաև այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաև ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների և մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները:

Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերևս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն:

«Ժողովուրդ»

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.