Ս.Սարգսյանը և ԵԺԿ նախագահը անդրադարձել են ԼՂ հիմնահարցին

Սերժ Սարգսյանը նախօրեին Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:

Սերժ Սարգսյանը և Ժոզեֆ Դոլը քննարկել են նաև միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նշելով, որ Բելգիա իր աշխատանքային այցի ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ նախատեսված են հագեցած և բովանդակալից օրակարգով հանդիպումներ ու քննարկումներ, Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում մեծ դեր է վերապահել ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի: Սարգսյանը մեծապես կարևորել է ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցության շարունակական խորացումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին և ՀՀԿ-ին մշտապես սատարելու պատրաստակամության ու գործնական աջակցության համար:

Այդ համատեքստում կարևորվել են նաև ԵԺԿ-ի հետ համագործակցությունը տարբեր միջխորհրդարանական հարթակներում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների երաշխավորմանը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, սոցիալական, հումանիտար, մշակութային համագործակցությանը:

Սերժ Սարգսյանը և ԵԺԿ նախագահը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների և իրավիճակի լարման մասին տեղեկություններ:

Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչությունից հայտնում են՝ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին մարտի վերջին Մալթայում կայանալիք ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.