ԼՂՀ ԱԺ հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
Հայտարարությունը

Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել են նախապես ծրագրված և կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած ավելի քան 20.000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի:

Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:

Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից և փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաև Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին` Բաքվում:

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներև հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:

Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:

Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը և դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին և իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:

28 փետրվարի, 2017թ.
ք. Ստեփանակերտ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.