ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից գումար հափշտակելու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:

Մասնավորապես,  Արմեն Խաչատրյանը, իրականացնելով Շիրակի մարզային բաժնի հաշվապահական հաշվառման, փաստացի նաև` դրամարկղային գործունեությունը, 2015 թվականի հունվարի 22-ից 2016 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները, հափշտակել է ԴԱՀԿ ծառայության կողմից տարբեր քաղաքացիներից հօգուտ պետության փաստացի բռնագանձված 18.575.344 ՀՀ դրամը: Դրանից 13.748.677 ՀՀ դրամի գումարներն Արմեն Խաչատրյանը հափշտակել է` դրանք դրամարկղ և հաշվետվության ծրագիր չմուտքագրելու եղանակով: Բացի այդ, Ա. Խաչատրյանը դրամարկղից քաղաքացուն վճարած 2.684.162 ՀՀ դրամի փոխարեն  հաշվետվության ծրագրից ելքագրել է 5.684.162 ՀՀ դրամ, որի արդյունքում ավել ելքագրված 3.000.000 ՀՀ դրամը նույնպես յուրացրել է։ Եվս 1.826.667 ՀՀ դրամ էլ Ա. Խաչատրյանը յուրացրել է դրամարկղից փաստացի վերցնելու եղանակով:

Այսպիսով, յուրացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով` 18.575.344 ՀՀ դրամի գումար հափշտակելու համար Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.