Կարգ՝ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի  աշխատասենյակում  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:  Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների և ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականի հունվարի 5-ին`  Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող Աֆրոդիտե ակումբում, Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում, հայհոյել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար մի քանի անգամ դիտողության են արժանացել վերջիններիս և նշված տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրաչյա Պալյանի ու Արթուր Հովհաննիսյանի կողմից: Ոստիկանները Հ. Խաչատրյանից ու Վ. Հովհաննիսյանից պահանջել են նաև դադարեցնել ակումբում գույքը վնասելուն ուղղված գործողությունները, ինչի շուրջ նրանց միջև վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է նաև դրսում: Հ. Խաչատրյանն ու Վ. Հովհաննիսյանը, չենթարկվելով իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին, նախ աստիճանահարթակից վայր են գցել և ձեռքերով ու ոտքերով հարվածել գետնին ընկած Արթուր Հովհաննիսյանին, իսկ այնուհետև` նրան օգնության հասած Հրաչյա Պալյանին, որի հետևանքով  վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ կապված` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար  Հարություն Խաչատրյանին ու Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այն գիտակցումով, որ պաշտպանի գործունեության, նրա արտահայտած կարծիքների, հրապարակումների նպատակը երկրում օրինականության, իրավունքի գերակայության, անաչառ գնահատականներով հասարակական տարբեր խավերի համերաշխության, փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտի հաստատումն է, քանի որ միայն այս պարագայում է հնարավոր երաշխիքներ ապահովել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ <<Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է>> դրույթի կյանքի կոչման համար:

Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկույցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):

Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր  իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Պաշտպանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:

Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա:

Առավել անընդունելի է, երբ մի շարք դեպքերում Զեկույցում անտեսվել են, նույնիսկ ՊՊԾ գնդի զավթումից ժամեր անց զանգվածային լրատվության միջոցներով զինյալների հրապարակած՝ դեպքի վայրում հավաքվելու, բռնություններ կատարելու վերաբերյալ նրանց կոչերը, տեսագրություններն ու հայտարարությունները: Արդյունքում՝ Զեկույցում տեղ են գտել վաղաժամ եզրահանգումներ առաջին օրերի հավաքների խաղաղ նպատակների ու բնույթի, հետևաբար՝ իրավապահ մարմինների կտրուկ արձագանքի ոչ իրավաչափ լինելու մասին:

Զերծ մնալով մինչև նախաքննության ավարտը գնահատականներ տալուց և նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները քննության այս փուլում հրապարակելուց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների գործունեությանը վերաբերող՝ Զեկույցում տեղ գտած մի քանի դիտարկումներին:

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով նկարագրված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ նրանց ազգականների հանդիպումները, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին, եզրահանգել է, որ <<մեծ է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք … կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ…>>:

Հարկ է նկատել, որ սահմանափակումներ կիրառելու քննիչի որոշումները թելադրված են եղել քրեական գործերի առանձնահատկություններով և, առաջին հերթին, միտված են եղել հնարավոր բռնության նոր դեպքերը կանխարգելելուն: Ընդ որում, այդ որոշումների գերակշիռ մասը կողմերը բողոքարկել են հսկողություն իրականացնող դատախազին, ապա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ: Գրեթե բոլոր ատյաններում քննիչի որոշումները ճանաչվել են հիմնավոր և օրինական: Այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները ոչ միայն կասկածի տակ են դնում վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիմնավորվածությունը, ստվեր գցում արդարադատություն իրականացնող միակ մարմնի՝ դատարանի ակտերի վրա, այլև անհիմն, զգայական լինելու պատճառով բացասաբար են ազդում հենց Զեկույցի  հանրային ընկալման վրա:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս <<օրենսդրական նախաձեռնությամբ>>` առաջարկելով քննություն իրականացնող մարմնին ընդհանրապես զրկել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցությունը սահմանափակելու լիազորությունից: Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե <<Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հանգեցնում է չարաշահումների…>>:

Նախ, ամբողջ զեկույցում այս առումով ենթադրաբար չարաշահում թույլ տալու գոնե մեկ դեպք նշված չէ, երկրորդ՝ այս առաջարկությունը դուրս է գալիս ոչ միայն արտահերթ հրապարակային զեկույցի առարկայի շրջանակներից, այլ իրավական համարժեքության, օրենսդրության սկզբունքների և արդյունավետ քննության ապահովման տրամաբանությունից:

Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության ժամկետներին՝ քննությունն ավարտված չլինելը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է <<անընդունելի>>, <<…քանի որ դա ազդում է քննություն իրականացնող մարմինների նկատմամբ վստահության վրա, ինչպես նաև չի նպաստում հնարավոր խախտումներն ապագայում կանխարգելելուն>>:

Առավել արտառոցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, պատշաճ տեղեկատվություն չունենալով քրեական գործերով իրականացվող նախաքննության ամբողջական ծավալների, մի քանի հարյուրի հասնող վկաների, ավելի քան 245 տուժողների, 78 մեղադրյալների հարցաքննությունների, նրանց առնչվող բազմատեսակ քննչական և այլ դատավարական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, զննությունների մասին, ըստ էության, խոսում է քննության ժամկետների ձգձգման մասին:

Այս առումով պատկերն ավելի խոսուն կլինի, եթե նկատի ունենանք, որ վերը նշված քրեական գործերին զուգահեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության 26 քննիչների վարույթում քննվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ այլ քրեական գործեր. միայն 2016 թվականի ընթացքում ծառայության փոքրաթիվ քննիչների վարույթում քննվել են 757 քրեական գործեր:

Սրանով հանդերձ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի և հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տան բնակիչ Էմիլ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկի հետ կնքած վարկային պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների չկատարման կապակցությամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կ.-ն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք է կատարել, որի հետևանքով շարժական գույքի փոխարեն էլեկտրոնային աճուրդի է հանվել իր բնակարանը: Ըստ Էմիլ Պ.-ի`  հարկադիր կատարողը, առանց իր բնակարան այցելելու, աշխատասենյակում կեղծ արձանագրություն է կազմել այն մասին, թե, իբր,  կատարողական վարույթի շրջանակներում այցելել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տուն, սակայն այնտեղ բռնագանձման ենթակա գույք չի եղել: Մինչդեռ, ըստ Էմիլ Պ.-ի, իր տանն առկա է եղել բռնագանձման ենթակա` 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի գույք: Քաղաքացու պնդմամբ, հարկադիր կատարողի կողմից հիշյալ հանգամանքն արձանագրելու դեպքում, էլեկտրոնային աճուրդի կհանվեր ոչ թե վերը նշված բնակարանը, այլ նրանում առկա շարժական գույքը:

Այսպիսով, Էդուարդ Կ.-ի կողմից անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարել է վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12 782 անգամ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Ա. Կարապետյանին հանձնել են պատվոգրեր և գավաթ:

Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով  պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:

Մասնավորապես,  ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանն իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան` Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանից  2012-2013 թթ.-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելադրման ենթակա 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև պետական տուրքի և կատարողական գործողությունների կատարման ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլար: Հարկադիր կատարողը պարտավոր է եղել հիշյալ գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը հանձնել  ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը չի կատարել: Դրա փոխարեն Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:

Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավարտվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 02.04.2017թ.-ին` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները: Այնուհետև «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` նույնպես պահանջելով դադարեցնել նկարահանումները: Վերջինս, տեսնելով, որ Շ. Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շ. Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Այդ պահին, երբ ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով հիշյալ շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը:

Այսպիսով, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն միջոց է, այնուամենայնիվ, «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած մի շարք դատողություններ և որակումներ զուրկ են իրավական հիմնավորումից, հիմնված են դեպքերի և իրադարձությունների միակողմանի գնահատման վրա, իսկ տվյալ իրադարձությունների վերաբերյալ իրականացվող քննության վերաբերյալ եզրահանգումները չեն բխում քննությամբ հաստատված հանգամանքներից և, հաշվի առնելով դեռևս ընթացող քննությունը, առնվազն, վաղաժամ են։

ՀՀ գլխավոր դատախազությունը, պահպանելով հուլիսյան իրադարձությունների մասնակիցների անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության շահերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է  համարում անդրադառնալ արտահերթ զեկույցում տեղ գտած որոշ գնահատականների՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ տրված միակողմանի գնահատականներին հակադրելով իրականության օբյեկտիվ նկարագիրը։

Նախ, ամբողջ զեկույցում պաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ արվող վերլուծությունների և դատողությունների հիմքում ընկած է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների (սահմանափակ բացառությամբ) խաղաղ բնույթ ունենալու մասին ոչնչով չհիմնավորված գնահատականը, առանց կազմակերպված հավաքների, երթերի և դրան նախորդած՝ զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջև պատճառական կապի վերհանման և առանց հաշվի առնելու հավաքի մասնակիցների՝ իրենց իսկ կողմից բարձրաձայնված նպատակները։

Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։

Զերծ մնալով ողջ իրականության կրկնակի նկարագրությունից, ինչը քաջ հայտնի է մայրաքաղաքում այդ օրերին գտնված ցանկացած անձի, ՄԻՊ դիրքորոշումների սին լինելը հավաստենք միայն խիստ մասնագիտական հետևյալ  պարզագույն փաստարկներով.

1. Քրեական վարույթների ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերը նշված ժամանակահատվածում  զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար, ՄԻՊ կողմից «խաղաղ» գնահատված միջոցառումների 23 մասնակիցների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նշված անձանցից 12-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:  Ընդ որում, մեղադրյալներից 11-ը, համաձայնելով առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել են կիրառել դատական քննության արագացված կարգ:

2. Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա զանգվածային միջոցառումների մասնակցած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտելու և այլ եղանակներով հանցագործությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինյալներին միանալուն և նրանց գործողությունները համատեղ շարունակելուն անմիջականորեն ուղղված գործողություններ կատարելու համար:

Իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տվյալների մասին մակերեսային և ոչ ամբողջական տեղեկություններ ունենալու պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում գնահատականներ են տրվել ոչ միայն կազմակերպված հավաքների, երթերի բնույթին, դրանց մասնակիցների նպատակներին, այլ նաև նշված միջացառումների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներին և դրանց իրավաչափությանը:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին, ապա կազմակերպված խմբի կողմից Երևանի Մ․ Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զավթելուց հետո՝ հուլիսի 29-ից 30-նն ընկած ժամանակահատվածում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով ի սկզբանե դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնցով Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 8 անձանց, որոնցից 5-ն արդեն իսկ մեղավոր են ճանաչվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և դատապարտվել ընդհուպ ազատազրկման, 2-ի մասով գործը գտնվում է դատական, իսկ 1-ի մասով՝ նախաքննության փուլում։

Անընդունելի է զեկույցում տեղ գտած մոտեցումն առ այն, որ «լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, դեպքերի կապակցությամբ, որոնք լուսաբանել է»։ Սրանով փորձ է արվել, նաև հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, հիմնավորել լրագրողներին որպես վկա հարցաքննելու անիրավաչափությունը։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի որոշումը (խոսքը 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 որոշման մասին է), որին հղում է անում պաշտպանը, վերաբերում է բոլորովին այլ խնդրի, այն է՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով լրագրողի հարցաքննության իրավաչափությանը, ինչը որևէ կերպ չի առնչվում պաշտպանի բարձրացրած հարցին, այն է՝ դեպքին ականատես լրագրողին որպես վկա հարցաքննելու իրավաչափությանը, որի իրավական  արգելք նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելք սահմանելու վերաբերյալ զեկույցում տեղ գտած մոտեցմանը՝ թեև այն ամբողջությամբ վերաբերվում է առկա օրենսդրական կարգավորումների քննադատությանը, այնուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը բազմիցս պարզաբանել է, որ նշված որոշումները կայացնելիս հաշվի են առնվել քրեական գործով անցնող մեղադրյալներին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերագրվող հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագիծը, նրանց միջև կայուն և տևական կապի առկայությունը, տեսակցելու ցանկություն հայտնած անձանց հետ նախկինում ունեցած շփումները:

Նախաքննության մարմինը յուրաքանչյուր մեղադրյալի մասով որոշում կայացնելիս դրսևորել է անհատական մոտեցում, իսկ արգելքների կիրառման անհրաժեշտությունը վերանայվում է ոչ թե մեկ կամ երկու ամիսը մեկ, այլ՝ պարբերաբար, ինչի արդյունքում արդեն իսկ վերացվել են մեկ տասնյակից ավել մեղադրյալների նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Ընդ որում, դատական ակտերով ևս հաստատվել է վարույթ իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափությունը:  ՀՀ գլխավոր դատախազությունը լիարժեք և պատշաճ կերպով իրականացրել է և իրականացնում է  Երևան քաղաքում հուլիսյան դեպքերի փաստերով իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողություն՝ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության և դատավարության մասնակիցների իրավունքների անշեղ պահպանման սկզբունքների պահանջներին համապատասխան և այդ համատեքստում,  ՄԻՊ հարցումների հիման վրա պարբերաբար  տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն, որը բավարար կլիներ զեկույցում օբյեկտիվ  գնահատականներ ներկայացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ, լիարժեք և համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքը, միաժամանակ բարձր գնահատելով ՄԻՊ ինստիտուտի հեղինակության նշանակությունը, Մարդու իրավունքների պաշտպանին  հորդորում է իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս  հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա` այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից:

ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև սույն թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:

  • 1
  • 2
  • 8

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.