Կարգ՝ ԻՐԱՎՈՒՆՔ

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը կալանավորվել է իշխանության չարաշահման և կաշառակերության մեղադրանքով, մոտ 10 քառակուսի մետր տարածքով մենախցում է գտնվում: Այդ մասին հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ չնայած նման սենյակն իր տարածքով նախատեսված է վեց կալանավորի համար, Պակ Կըն Հեն այնտեղ միայնակ է: Սովորաբար, մենախցի տարածքը չի գերազանցում 6,56 քառակուսի մետրը, այդ մենախցերում են այժմ գտնվում նույն սկանդալի մեջ ներգրավված այլ ձերբակալվածներ, այդ թվում՝ հարավկորեական Samsung Group տեխնոլոգիական ընկերության տնօրեն Լի Չժե Յոնգը:

Նշվում է, որ ի տարբերություն այլ կալանավորների, նախկին առաջնորդն ունի առանձին լոգարան և զուգարան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախկին նախագահը դատարանի որոշմամբ կալանավորվել է լույս ուրբաթ, որը բավարարել է նրա կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ դատախազության դիմումը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016 թվականի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»: Զեկույցում որպես խնդիր առանձնացված է նաև «դատական համակարգի սահմանափակ անկախությունը»:

Զեկույցում անդրադարձ կա 2017-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը: Նշվում է, որ երկշաբաթյա դիմակայության ընթացքում պատանդ են վերցվել ոստիկաններ և բուժաշխատողներ, և, ինչպես ասվում է զեկույցում, «ըստ հնչող մեղադրանքների՝ խմբի անդամներն իրադարձությունների ժամանակ սպանեցին երեք ոստիկանի», փոխանցում է Ազատությունը:

«Դիմակայության ընթացքում Երևանում և երկրի այլ վայրերում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի», իրավապահների կողմից եղան անօրինական ձերբակալություններ, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և չափից ավելի ուժի կիրառման դրսևորումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը ցրեց «Սասնա ծռերի» քաղաքական պահանջները սատարող ցուցարարներին», — կարդում ենք զեկույցում,

«Թեպետ ոստիկանությունը հեռացրել կամ կարգապահական միջոցներ է կիրառել ավելի քան մեկ տասնյակ ոստիկանների հանդեպ, այս քայլերը պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ չէին համատարած չարաշահումների համար», — գնահատել է Պետդեպը:

Այլ խնդիրների թվում ներառվել են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված «կասկածելի մահվան դեպքերը», զորակոչիկների հանդեպ «նվաստացումները», «դաժան ու գերբնակեցված բանտային պայմանները»:

«Եղել են կամայական ձերբակալություններ ու նախնական կալանքի երկարատև կիրառում՝ կալանքի պատճառների վերաբերյալ թափանցիկության բացակայության պայմաններում, ցուցմունքների հավաստիության նկատմամբ անվստահություն, ազատ արձակման ոչ-հստակ չափորոշիչներ և կալանքի տակ գտնվողների իրավունքների ոչ-հավասար կիրառում, օրինակ՝ ընտանիքի անդամների տեսակցության մասով», — արձանագրել են զեկույցի հեղինակները:

Միևնույն ժամանակ, որպես դրական զարգացումներ մատնանշվում են ապրիլյան քառամյա պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունում իրականացված քայլերը՝ ռեսուրսների չարաշահման և սխալ տեղաբաշխման, ինչպես նաև այլ կոռուպցիոն երևույթների կապակցությամբ հակակոռուպցիոն քայլերի մասին հայտարարությունները, այդ թվում ՊՆ գնումների ոլորտում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը:

Դրական է համարվել նաև օնլայն լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերը որպես «տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուրի»:

«Աճել է նշանակալի քաղաքական իրադարձությունների ինտերնետային ուղիղ հեռարձակման կարևորությունը, հատկապես հրապարակային բողոքի ակցիաների ժամանակ», — ասված է զեկույցում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ թե՛ ավանդական և թե՛ օնլայն լրատվամիջոցների սեփականատերերը «թափանցիկ չեն», և կան արժանահավատ հաղորդումներ այն մասին, որ թե՛ օնլայն և թե՛ հեռարձակող լրատվամիջոցները «կենտրոնացված են մի քանի՝ իշխանությունների հետ կապեր ունեցող անձանց ձեռքերում»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կարող եք հայցադիմում ներկայացնել նրանք, ովքեր համարում են, որ անձնապես և ուղղակիորեն տուժել են Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների և երաշխիքների ոտնահարումից։ Ոտնահարումը պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի կողմից։
Որո՞նք են հայցադիմում ներկայացնելու նախապայմանները
  1. Անհրաժեշտ չէ, որ լինեք Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի։ Այն իրավախախտումը, որի մասին բողոքում եք, պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած որևէ պետության կողմից և նրա «իրավասության» շրջանակներում, ինչը սովորաբար նշանակում է տվյալ պետության տարածքը։
  2. Կարող եք լինել անհատ կամ իրավաբանական անձ, օրինակ՝ ընկերություն կամ ընկերակցություն։
  3. Պետք է ուղղակիորեն և անձնապես տուժած լինեք այն իրավախախտումից, որը Ձեր կարծիքով տեղի է ունեցել։ Դուք չեք կարող ընդհանուր բողոք ներկայացնել որևէ օրենքի կամ միջոցի առնչությամբ այն պատճառով, որ այն, օրինակ, անարդար է, ինչպես նաև չեք կարող հայցադիմում ներկայացնել այլ անձանց անունից (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինները հստակ մատնանշել են Ձեզ որպես իրենց պաշտոնական ներկայացուցիչ)։

Կա՞ն արդյոք պայմաններ, որոնք պետք է նախօրոք բավարարվեն ներպետական դատարաններում

Դիմողը պետք է սպառած լինեք իրավական պաշտպանության բոլոր այն միջոցները տվյալ պետությունում, որոնք կարող են վերականգնել այն իրավիճակը, որի վերաբերյալ Դուք հայցադիմում եք ներկայացրել (սովորաբար սա նշանակում է բողոք համապատասխան դատարանին, որին հետևում է բողոքարկումը, եթե այն կիրառելի է, և նույնիսկ հետագա բողոքարկումը բարձրագույն ատյան, ինչպես օրինակ` Գերագույն դատարան, եթե այն գոյություն ունի)։

Բավարար չէ պարզապես օգտագործել այդ միջոցները։ Դրանց դիմելիս պետք է փաստացի ներկայացնել բողոքը (այսինքն՝ Կոնվենցիայի այն խախտումները, որ ըստ Ձեզ տեղի են ունեցել)։

Տեղական մակարդակում կայացված վերջին որոշումից հետո (ավելի պարզ՝ բարձրագույն դատարանի վճռից հետո) Դուք միայն 6 ամիս ժամանակ ունեք հայցադիմում ներկայացնելու համար։ Նշված ժամանակահատվածից հետո Ձեր հայցադիմումը չի կարող ընդունվել Դատարանի կողմից։

Freedom House

Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն անդրադարձ է կատարել 2016թ-ի ապրիլյան պատերազմին:

«Ադրբեջանի հանկարծակի հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ մեկնարկեց ապրիլի 2-ին և դարձավ 1994թ-ի հրադադարից հետո ամենալայն հարձակումն էր` չորս օրվա բախումների ընթացքում բերելով աննախադեպ թվով կորուստներ երկու կողմերի համար էլ: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս կարճ ժամանակով հարձակման ենթարկվեց»,- նշված է զեկույցում :

Զեկույցում նշվում են նաև ադրբեջանական կողմից քաղաքացիների և գերի ընկած զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը դեպքերը:

ՀՀ ՄԻ Պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել երեխայի իրավունքների պաշտպանություն ոլորտում տարվող աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ժնևում հրավիրված ՄԱԿ-ի՝ կայուն զարգացման գլոբալ նպատակների իրականացմանը նվիրված բարձրաստիճան քննարկմանը հանդես է եկել հատուկ ելույթով: Պաշտպանը քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այլ երկրների օմբուդսմաններին ու միջազգային փորձագետներին է ներկայացրել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող աշխատանքը:

Պաշտպանը ներկայացրել է նաև 2017 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման մշտադիտարկման գործառույթը: Հատուկ խոսվել է այն մասին, որ առանձին հոդվածով նախատեսվել է անարգել այցերի հնարավորություն երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Արման Թաթոյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային ու երկրի մակարդակով երեխաների իրավունքների երաշխավորման ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվել է բոլոր այս հարցերում համատեղ աշխատանքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու լրագրողների հետ:

Քննարկման մասնակիցները բարձր են գնահատել ոչ միայն Մարդու իրավունքերի պաշտպանի գործունեության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, այլև կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ այդ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում իրականացրած գործունեությունը: Մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ուսումնասիրելու հայաստանյան փորձը՝ սեփական երկրներում ներդնելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Հաջորդ օրը դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդում է տվել նաև Էդմոն Ա.-ն` հայտնելով, որ 27.02.2017թ.-ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու և անհանգստացնելու համար:
Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել և սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա: Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. Հայաստանի դեմ Եվրոպա­կան դատարանը 2016-ին կա­յացրել է 15 վճիռ, որից 13-ն առն­վազն մարդու իրավունքների մեկ խախտում է պարունակել։ Այս ցուցանիշը 2015-ի համե­մատ գրեթե կրկնապատկվել է. 2015-ին Հայաստանի դեմ 8 վճիռ էր կայացվել։ Եվրոպական դատարանի գոյության ընթացքում՝ 1959-ից մինչև 2016-ը, Հայաստանի դեմ կայացվել 175 վճիռ, որից 68-ում հայտնաբերվել են մարդու իրա­վունքների խախտումներ։

  • 1
  • 2

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.