«Դրանք ճիշտ փողեր են». ինչպե՞ս են ներկոտված եվրոները հասել Սամվել Բաբայանին

ՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստում հրաժարվեցին ցուցմունքներ տալ փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալները: Խոսքը վերաբերում է գործով ամբաստանյալներ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին: Հիշյալ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ հիշյալ անձինք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Հաշվի առնելով, որ ամբաստանյալներն օգտվել են իրենց` լռելու իրավունքից, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրանց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Մասնավորապես` ամբաստանյալ, մասնագիտությամբ քիմիկոս Ժորա Զաքարյանը նախաքննական մարմնին պատմել է, որ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկանալով, որ ինքը քիմիայից գլուխ է հանում, իրեն է տվել 20 եվրոյանոց թղթադրամ` առաջարկելով վերացնել դրա վրա առկա կարմիր բծերը: Ժորա Զաքարյանը հայտնել է, որ թղթադրամների վրա առկա ներկերը նախ փորձել է մաքրել եղունգների լաքի հեռացման համար նախատեսված (ացետոն) նյութով, սակայն հետքերն ավելի են ընդգծվել: Այնուհետև նա փորձել է թղթադրամների վրա առկա ներկը մաքրել նատրիումի հիդրօքսիդով, դարձյալ չի ստացվել: Ժորա Զաքարյանը նշել է, որ Անդրանիկին չի հայտնել, թե ինչով է մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել է՝ նա կսովորի դա անել եւ այլեւս իր կարիքը չի ունենա: Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել է նաև, որ ներկերը վերացնելու դեպքում ինքը Անդրանիկ Քոչարյանից պետք է ներկոտված թղթադրամների նոր խմբաքանակ ստանար: Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Ժորա Զաքարյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ տեղյակ չի եղել 5000 եվրոյի մասին:

Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանն էլ իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ թղթադրամները վերցրել է եղբորից՝ Կարենից, և դրանք տվել իր համագյուղացուն՝ Ժորային, դրանց վրա առկա ներկը հնարավորության դեպքում մաքրելու համար:

Նախաքննության ընթացքում Կարեն Քոչարյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել:

Այսօրվա նիստում իր պաշտպան Ավետիս Քալաշյանի այն հարցին, թե ինքը նախաքննության ընթացքում իր խոսքում ասե՞լ է «կեղծ փողեր» արտահայտությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նման հարց իրեն քննիչն է տվել: «Հարցրել է, ես էլ ասել եմ ՝ չգիտեմ, որ կեղծ են, Կարենն ասել էր` դրանք ճիշտ փողեր են»,- ասաց նա:

Մանրամասն՝ այստեղ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.