Ըստ անալիզների՝ ոստիկանության գնդապետի որդին վթարի ժամանակ հարբած չի եղել, ականատեսն այլ բան է պատմել

Օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի համար մեղադրվող ոստիկանության  6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների վարչության նախկին պետ, կոչումով գնդապետի որդու՝ Սուրեն Ջեյրանյանի արյան անալիզի պատասխանը հայտնի է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Սարգսյանի ազգական Աշոտ Հարությունյանը:

«Ստացվել են Երևան–Աշտարակ ճանապարհին ավտովթարի գործով Գեղամ Սարգսյանի ավտոմեքենային հարվածած Սուրեն Ջեյրանյանի արյան անալիզի պատասխանները՝ վթարից մոտ երկու ամիս անց: Ըստ պատասխանի՝ ինքը վթարի ժամանակ խմած չի եղել,այսինքն` թույլ հարբածություն է արձանագրվել, որը հարբածություն չի համարվում: Բայց այստեղ հարցեր կան. սթափ մարդը մեքենան կվարի՞ մոտավորապես 200կմ/ժ արագությամբ»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ վթարին ականատես եղած քաղաքացին լրիվ այլ բան է պատմել.

«Նա պատմեց, որ Սուրեն Ջեյրանյանն այնքան հարբած է եղել, որ չի կարողացել ոտքի կանգնել: Բացի այդ` կասկածելի է նաև անալիզների պատասխան տալու ժամկետը՝ երկու ամիս արյան անալիզի համա՞ր»:

Աշոտ Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ`ականատեսը գործում ներգրավված է, թե ոչ և ինչ քննչական գործողություններ են կատարվել:

Tert.am-ի հետ զրույցում քննիչ Սահակ Մինասյանը նախաքննական գաղտնիք չպարունակող ոչ մի հարցի չպատասխանեց:

Նշենք, որ Սուրեն Ջեյրանյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով «Նիվա»-ի վարորդը մահացել էր, չորս ամյա երեխան տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքից հետո, արդեն իրավապահներին էր ներկայացել  նախկին ոստիկան, ոստիկանության գնդապետ 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել: Այնուհետև պարզվել էր, որ 61-ամյա Սամվել Ջեյրանյանը վթարի մասնակից չէ, վթարին մասնակից է նրա որդին՝ Սուրեն Ջեյրանյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.