Հետաքննական և նախաքննական մարմինները պարտավոր են կատարել իրենց վերապահված գործառույթները՝ զերծ հուզական ընկալումներից

Քրեական դատավարությանընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական և չփաստարկված հայտարարությունները կարող են ձևախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում պարզունակ ճշմարտությունները:

Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է։ Զերծ մնալով պարզաբանել դեպքի վայրի պատշաճ պահպանման կարևորությունը (հուսալով, որ այն չի վիճարկվում որեւէ հետաքննական մարմնի կողմից)՝ փաստենք, որ այս պարզունակ հարցի պատասխանը տալիս է ոչ միայն իրավական պարզ տրամաբանությունը, այլև՝ օրենսդրությունը:

Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։

Թերևս այս պարզ դասական ճշմարտությունը հաշվի առնելով՝ ՀՀ իրավական համակարգում նախատեսված է երկու իրավական կարգադրագիր, որտեղ, իրավական որոշակիության պահանջների պահպանմամբ, դեպքի վայրի պահպանության պարտականությունը դրվել է ՀՀ ոստիկանության վրա։

Փաստենք նաև, որ ոստիկանապետի նշված՝ 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումի 3-րդ կետի համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ մասի պատասխանատուն պարտավոր է մինչև քննիչի ժամանումն իր ենթակայության տակ գտնվող օպերատիվ խմբի ուժերով ապահովել դեպքի վայրի լիարժեք պահպանությունը, մեկուսացումը ժապավեններով կամ այլ միջոցներով, արգելել առանց քննիչի թույլտվության դեպքի հետ առնչություն չունեցող ոստիկանության կամ այլ գերատեսչությունների ծառայողներին, լրագրողներին սահմանազատված տարածք մուտք գործելը։

Քանի դեռ գործող օրենսդրությունը չի վերանայվել և նշված իրավակարգավորումները չեն փոխվել՝ դրանք ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ հուզական ընկալումներից։

Քննիչն ամենևին ազատված չէ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: Քննիչը, դեպքի վայրի մեկնելիս, պարտավոր է այն պահպանելու ոլորտում պահանջել և ստանալ հետաքննության մարմնի աջակցությունը, միջոցներ ձեռնարկել հանցագործության հետքերի պահպանման ուղղությամբ:

Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև՝ հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: Սակայն հասկանալի է, որ քննիչն իր դատավարական պարտականությունները կարող է կատարել, եթե մինչև քննիչի դեպքի վայր մեկնելը հետաքննական մարմնի կողմից պատշաճ կատարված լինի դեպքի վայրը պահպանելու իր վարչաիրավական պարտականությունները՝ բացառելով կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր և կողմնակի որևէ ներգործությունը դեպքի վայրում առկա առարկաների նկատմամբ, որի պայմաններում կարող են ոչնչանալ իրեղեն ապացույցներ, հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքեր կամ պարզապես ապացույցները դառնան ոչ պիտանի:

Այսինքն՝ քննիչն ու ոստիկանության ծառայողն ունեն տարբեր պարտականություններ դեպքի վայրում և կատարում են տարբեր գործառույթներ:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.