ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 36-40

Գ Լ ՈՒ Խ  36

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 685. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:

2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 608 հոդվածով, 612 հոդվածի 1-ին կետով և 2-րդ կետի առաջին պարբերությամբ, 617 հոդվածով, 624 հոդվածի 2-րդ կետով, 626 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված կանոնները:

Հոդված 686. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ձևը

1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 687. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Հոդված 688. Փոխատու

1. Գույքն անհատույց օգտագործման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը և օրենքով կամ սեփականատիրոջ կողմից դրա համար լիազորված այլ անձանց:

2. Առևտրային կազմակերպությունն իրավունք չունի գույքն անհատույց օգտագործման հանձնել իր հիմնադրին, մասնակցին, ղեկավարին, կառավարման կամ վերահսկողության մարմինների անդամին:

Հոդված 689. Գույքն անհատույց օգտագործման հանձնելը

1. Փոխատուն պարտավոր է գույքը հանձնել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում:

2. Գույքն անհատույց օգտագործման է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (օգտագործման հրահանգով, տեխնիկական անձնագրով և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Եթե նման պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ առանց դրանց գույքը չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան կամ դրա օգտագործումը փոխառուի համար նշանակալից չափով կորցրել է իր արժեքը, փոխառուն իրավունք ունի պահանջել տրամադրելու այդպիսի պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:

Հոդված 690. Գույքն անհատույց օգտագործման չհանձնելու հետևանքները

Եթե փոխատուն գույքը չի հանձնում փոխառուին, վերջինս իրավունք ունի պահանջել լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:

Հոդված 691. Պատասխանատվությունն անհատույց օգտագործման հանձնված գույքի թերությունների համար

1. Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորությամբ չի մատնանշել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս:

Նման թերություններ հայտնաբերելիս փոխառուն իրավունք ունի փոխատուից իր ընտրությամբ պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր ծախսերը կամ վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասը:

2. Փոխատուն, որը ծանուցվել է փոխառուի պահանջների կամ գույքի թերությունները փոխատուի հաշվին վերացնելու նրա մտադրության մասին, կարող է այդ գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող այլ նմանօրինակ գույքով:

3. Փոխատուն պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել փոխառուին կամ պետք է հայտնաբերվեին փոխառուի կողմից պայմանագիրը կնքելիս կամ գույքը հանձնելիս այն զննելիս կամ դրա սարքին լինելն ստուգելիս:

Հոդված 692. Անհատույց օգտագործման հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները

1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս փոխատուն պարտավոր է փոխառուին զգուշացնել այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Այդ պարտականությունը չկատարելը փոխառուին իրավունք է տալիս պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:

2. Գույքի անհատույց օգտագործման հանձնումը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները փոփոխելու կամ դադարելու համար:

Հոդված 693. Փոխառուի` գույքը պահպանելու պարտականությունները

1. Փոխառուն պարտավոր է անհատույց օգտագործման համար ստացված գույքը պահպանել սարքին վիճակում: Այդ պարտականությունները ներառում են ընթացիկ և հիմնական վերանորոգումը և պահպանման բոլոր ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:

2. Փոխառուն իրավունք ունի անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը միայն փոխատուի համաձայնությամբ` պատասխանատու մնալով փոխատուի առջև:

Հոդված 694. Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

Փոխառուն կրում է անհատույց օգտագործման հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե գույքը ոչնչացվել կամ վնասվել է պայմանագրին կամ գույքի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով, կամ այն առանց փոխատուի համաձայնության հանձնել է երրորդ անձի:

Հոդված 695. Պատասխանատվությունը գույքն օգտագործելու հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար

Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի օգտագործման հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասը դիտավորությամբ պատճառել է փոխառուն կամ այն անձը, որի մոտ այդ գույքը հայտնվել է փոխատուի համաձայնությամբ:

Հոդված 696. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը

1. Փոխատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, եթե փոխառուն`

1) գույքն օգտագործել է պայմանագրին կամ գույքի նշանակությանը անհամապատասխան.

2) չի կատարել գույքը պահպանելու իր պարտականությունները.

3) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.

4) առանց փոխատուի համաձայնության` գույքը հանձնել է երրորդ անձի:

2. Փոխառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքն անհատույց օգտագործելու պայմանագիրը, եթե`

1) հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք գույքի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, որոնց մասին ինքը չգիտեր և չէր կարող իմանալ պայմանագիրը կնքելիս.

2) գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում.

3) պայմանագիրը կնքելիս փոխատուն նրան չի զգուշացրել հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին.

4) փոխատուն չի կատարել գույքը կամ դրա պատկանելիքները և դրան վերաբերող փաստաթղթերը հանձնելու իր պարտականությունը:

Հոդված 697. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրից հրաժարվելը

Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 698. Կողմերի փոփոխությունը գույքի անհատույց օգտագործման պայմանագրում

1. Փոխատուն իրավունք ունի գույքն օտարել երրորդ անձի: Ընդ որում, նոր սեփականատիրոջն են անցնում նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված իրավունքները, իսկ գույքը մնում է փոխառուի իրավունքներով ծանրաբեռնված:

2. Փոխատու քաղաքացու մահվան կամ փոխատու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են ժառանգին (իրավահաջորդին):

3. Փոխառու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները գույքի անհատույց օգտագործման պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 699. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դադարումը

1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է փոխառու քաղաքացու մահվամբ կամ փոխառու իրավաբանական անձի լուծարմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքերում:

(699-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

ՉՈՐՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  37

ԿԱՊԱԼ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՊԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոդված 700. Կապալի պայմանագիր

1. Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:

2. Կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

Հոդված 701. Կապալի պայմանագրով կատարվող աշխատանքները

1. Կապալի պայմանագիրը կնքվում է գույք պատրաստելու կամ մշակելու (վերամշակելու) կամ այլ աշխատանքներ կատարելու համար` պատվիրատուին հանձնելով դրա արդյունքը:

2. Գույք պատրաստելու համար կնքված կապալի պայմանագրով կապալառուն դրա նկատմամբ իրավունքները փոխանցում է պատվիրատուին:

3. Կապալառուն պատվիրատուի առաջադրանքը կատարելու եղանակները որոշում է ինքնուրույն, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Հոդված 702. Կապալառուի միջոցներով աշխատանքներ կատարելը

1. Աշխատանքը կատարվում է կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

2. Կապալառուն պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի, ինչպես նաև այնպիսի նյութեր և սարքավորումներ տրամադրելու համար, որոնց նկատմամբ երրորդ անձինք ունեն իրավունքներ:

Հոդված 703. Ռիսկի բաշխումը կողմերի միջև

1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ կապալի պայմանագրով, ապա`

1) նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) հանձնված գույքի կամ պայմանագրի կատարման համար օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է դրանք տրամադրած կողմը.

2) կատարված աշխատանքի արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը` մինչև պատվիրատուի կողմից այն ընդունելը, կրում է կապալառուն:

2. Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու կետանցի դեպքում, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ռիսկերը կրում է կետանց թույլ տված կողմը:

Հոդված 704. Գլխավոր կապալառու և ենթակապալառու

1. Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու:

2. Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դարձրել ենթակապալառուին, պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի կատարմանը` ենթակապալառուի մասնակցությամբ պատճառված վնասների համար:

3. Գլխավոր կապալառուն, սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետի և 419 հոդվածի կանոններով, պատասխանատվություն է կրում պատվիրատուի առջև ենթակապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, իսկ ենթակապալառուի առջև` կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները` պատվիրատուի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

4. Գլխավոր կապալառուի համաձայնությամբ` պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման պայմանագրեր կնքել այլ անձանց հետ: Այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:

Հոդված 705. Մի քանի անձանց մասնակցությամբ աշխատանքներ կատարելը

1. Եթե կապալառուի կողմում միաժամանակ հանդես են գալիս երկու կամ ավելի անձինք, ապա պարտավորության առարկայի անբաժանելիության դեպքում, նրանք պատվիրատուի հանդեպ համապատասխանաբար համապարտ պարտապաններ և համիրավ պարտատերեր են:

2. Պարտավորության առարկայի բաժանելիության դեպքում, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված դեպքերում, սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանցից յուրաքանչյուրը պատվիրատուի հանդեպ իր բաժնի չափով ձեռք է բերում իրավունքներ և կրում է պարտականություններ:

Հոդված 706. Աշխատանքը կատարելու ժամկետները

1. Կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:

Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:

2. Կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:

3. Սույն օրենսգրքի 421 հոդվածի 2-րդ կետում նշված` կատարման կետանցի հետևանքները վրա են հասնում աշխատանքը կատարելու վերջնական ժամկետը խախտելու դեպքում:

Հոդված 707. Աշխատանքի գինը

1. Կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

2. Աշխատանքի գինը կարող է որոշվել նախահաշիվ կազմելու միջոցով:

Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է կապալառուի կազմած նախահաշվին համապատասխան, նախահաշիվն ուժի մեջ մտնում և պայմանագրի մաս է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:

3. Աշխատանքի գինը (նախահաշիվը) կարող է լինել մոտավոր կամ կայուն: Կապալի պայմանագրում այլ ցուցումներ չլինելու դեպքում աշխատանքի գինը համարվում է կայուն:

4. Եթե առաջացել է լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, որի պատճառով էապես ավելացել է աշխատանքի համար սահմանված մոտավոր գինը, կապալառուն պարտավոր է այդ մասին ժամանակին զգուշացնել պատվիրատուին: Պատվիրատուն, որը համաձայն չէ կապալի պայմանագրում նշված գնի ավելացման հետ, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից: Այդ դեպքում կապալառուն կարող է պատվիրատուից պահանջել վճարելու աշխատանքի կատարած մասի գինը:

Կապալառուն, որը պատվիրատուին ժամանակին չի նախազգուշացրել պայմանագրում նշված գինն ավելացնելու անհրաժեշտության մասին, պարտավոր է կատարել պայմանագիրը` պահպանելով պայմանագրով որոշված գնով վարձատրություն ստանալու իրավունքը:

5. Կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ պատվիրատուն` նվազեցնելու կայուն գինը նաև այն դեպքում, երբ կապալի պայմանագիրը կնքելու պահին բացառվում էր կատարվող աշխատանքների կամ դրանց համար անհրաժեշտ ծախսերի լրիվ ծավալը նախատեսելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

6. Կապալառուի տրամադրած նյութերի և սարքավորումների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից նրան մատուցվող ծառայությունների արժեքի էական բարձրացման դեպքում, որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագիրը կնքելիս, կապալառուն իրավունք ունի պահանջել ավելացնելու սահմանված գինը, իսկ այդ պահանջը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն օրենսգրքի 467 հոդվածին համապատասխան:

Հոդված 708. Կապալառուի խնայողությունը

1. Այն դեպքում, երբ կապալառուի փաստացի ծախսերը պակաս են այն ծախսերից, որոնք հաշվի են առնվել աշխատանքի գինը որոշելիս, կապալառուն պահպանում է կապալի պայմանագրով նախատեսված գնով վարձատրություն ստանալու իրավունքը, եթե պատվիրատուն չի ապացուցում, որ կապալառուի կատարած խնայողությունն ազդել է աշխատանքի որակի վրա:

2. Կապալի պայմանագրում կարող է նախատեսվել, որ կապալառուի ստացած խնայողությունը բաշխվում է կողմերի միջև:

Հոդված 709. Աշխատանքի վարձատրության կարգը

1. Պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:

2. Կապալառուն իրավունք ունի պահանջել նախավճար կամ կանխավճար, միայն օրենքում կամ կապալի պայմանագրում նշված դեպքերում և չափով:

Հոդված 710. Գույքը պահելու կապալառուի իրավունքը

Կապալի պայմանագրի կատարման կապակցությամբ` կապալառուին հասանելիք սահմանված գինը կամ այլ գումարը վճարելու պարտականությունը պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում կապալառուն, սույն օրենսգրքի 373 և 374 հոդվածներին համապատասխան, իրավունք ունի պահել աշխատանքի արդյունքը, ինչպես նաև գույքի մշակման (վերամշակման) համար իրեն հանձնված` պատվիրատուին պատկանող սարքավորումները, չօգտագործած նյութերի մնացորդները և իր մոտ գտնվող` պատվիրատուի այլ գույքը մինչև պատվիրատուի կողմից համապատասխան գումարը վճարելը:

Հոդված 711. Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը

1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը:

2. Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառով աշխատանքի արդյունքը ձեռք չի բերվել կամ ձեռք բերված արդյունքը եղել է այնպիսի թերություններով, որոնք այն դարձնում են կապալի պայմանագրով նախատեսված օգտագործման, իսկ կապալի պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, կապալառուն իր կատարած աշխատանքի դիմաց իրավունք ունի պահանջել վարձատրություն:

3. Կապալառուն սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքը կարող է իրականացնել, եթե ապացուցում է, որ նյութերի թերությունները չէին կարող իր կողմից հայտնաբերվել այդ նյութերի պատշաճ ընդունման դեպքում:

Հոդված 712. Կապալառուի պատասխանատվությունը պատվիրատուի տրամադրած գույքի պահպանման համար

Կապալառուն պատասխանատվություն է կրում կապալի պայմանագրի կատարման նպատակով պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) տրված այլ գույքի պահպանման համար:

Հոդված 713. Պատվիրատուի իրավունքները կապալառուի կողմից աշխատանքներ կատարելիս

1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել կապալառուի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը:

2. Եթե կապալառուն ժամանակին չի սկսում կապալի պայմանագրի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:

3. Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, պատվիրատուն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կապալառուի կողմից թերությունները վերացնելու համար, և այդ ժամկետում կապալառուի կողմից թերությունները չվերացվելու դեպքում հրաժարվել կապալի պայմանագրից կամ կապալառուի հաշվին աշխատանքի թերությունների վերացնելը հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու վնասները:

Հոդված 714. Հանգամանքներ, որոնց մասին կապալառուն պարտավոր է նախազգուշացնել պատվիրատուին

1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են`

1) պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.

2) աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր անբարենպաստ հետևանքներ.

3) կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին ավարտելը:

2. Կապալառուն, որը պատվիրատուին չի նախազգուշացրել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:

3. Եթե պատվիրատուն, չնայած սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կապալառուի կողմից ժամանակին հիմնավոր նախազգուշացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխել ոչ պիտանի և անորակ նյութը, սարքավորումը, նախագծային փաստաթղթերը կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքը, աշխատանքի կատարման եղանակների մասին ցուցումը կամ այլ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն հանգամանքները վերացնելու համար, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի պիտանիությանը, կապալառուն իրավունք ունի հրաժարվել կապալի պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու դրա դադարման հետևանքով իրեն պատճառված վնասները:

Հոդված 715. Կապալի պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելը

Պատվիրատուն իրավունք ունի մինչև աշխատանքի արդյունքն իրեն հանձնելը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով մինչև պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահը կատարած աշխատանքին համարժեք գին, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: Պատվիրատուն պարտավոր է նաև հատուցել կապալի պայմանագրի դադարմամբ կապալառուին պատճառված վնասները` ամբողջ աշխատանքի համար սահմանված և կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով:

Հոդված 716. Պատվիրատուի աջակցությունը

1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրում սահմանված դեպքերում, ծավալով և կարգով` կապալառուին աջակցել աշխատանքները կատարելիս:

Պատվիրատուի կողմից այս պարտականությունը չկատարելու դեպքում կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու պատճառված վնասները ներառյալ պարապուրդի կամ կատարվող աշխատանքի ժամկետները հետաձգելու կամ պայմանագրում նշված աշխատանքի գինն ավելացնելու պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը:

2. Այն դեպքերում, երբ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելն անհնար է դարձել պատվիրատուի գործողությունների կամ վրիպումների հետևանքով, կապալառուն պահպանում է կատարված աշխատանքի հաշվառմամբ պայմանագրում նշված գնի մասն ստանալու իրավունքը:

Հոդված 717. Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը

1. Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ նշված պարտավորությունները չեն կարող կատարվել սահմանված ժամկետում (հոդված 367):

2. Կապալառուն սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Հոդված 718. Կապալառուի կատարած աշխատանքի ընդունումը պատվիրատուի կողմից

1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում ու կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին:

2. Աշխատանքն ընդունելիս թերություններ հայտնաբերած պատվիրատուն իրավունք ունի դրանք վկայակոչել այն դեպքերում, եթե ընդունումը հաստատող ակտում կամ այլ փաստաթղթում նախատեսվել է այդ թերությունները կամ հետագայում դրանց վերացման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:

3. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունել է առանց ստուգման, զրկվում է աշխատանքի այն թերությունները վկայակոչելու իրավունքից, որոնք կարող էին հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ (բացահայտ թերություններ), եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

4. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունելուց հետո աշխատանքում հայտնաբերել է պայմանագրից շեղումներ կամ թերություններ, որոնք չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ)` ներառյալ այնպիսիք, որոնք կապալառուն դիտավորյալ թաքցրել է, պարտավոր է դրանք հայտնաբերելուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կապալառուին:

5. Պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն: Փորձաքննության ծախսերը կրում է կապալառուն, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձաքննությամբ հաստատվում է կապալառուի կողմից կապալի պայմանագրի խախտման կամ կապալառուի գործողությունների և հայտնաբերված թերությունների միջև պատճառական կապի բացակայությունը: Նշված դեպքերում փորձաքննության ծախսերը կրում է փորձաքննություն պահանջած կողմը, իսկ եթե փորձաքննությունը նշանակվել է երկու կողմերի համաձայնությամբ, ապա ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:

6. Պատվիրատուի կողմից կատարված աշխատանքն ընդունելուց խուսափելու դեպքում, հաշված այն օրվանից երկու ամիս անցնելուց հետո, երբ պայմանագրի համաձայն` աշխատանքի արդյունքը պետք է հանձնված լիներ պատվիրատուին, կապալառուն իրավունք ունի վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը` իր կատարած ծախսերի արժեքը պահելով, պատվիրատուի անունով մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

7. Եթե կատարված աշխատանքն ընդունելուց պատվիրատուի խուսափելը հանգեցրել է աշխատանքը հանձնելու կետանցի, ապա պատրաստված, մշակված (վերամշակված) գույքի պատահական կորստի ռիսկը համարվում է պատվիրատուին փոխանցված` սկսած այն պահից, երբ այդ գույքը պետք է հանձնվեր:

Հոդված 719. Աշխատանքի որակը

1. Կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում` համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ և ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա` նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

2. Եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսվել են կապալի պայմանագրով կատարվելիք աշխատանքին առաջադրվող պարտադիր պահանջներ, որպես ձեռնարկատեր հանդես եկող կապալառուն պարտավոր է աշխատանքը կատարել` պահպանելով այդ պարտադիր պահանջները:

Կապալառուն կարող է պայմանագրով ստանձնել կողմերի համար սահմանված պարտադիր պահանջների համեմատ որակի ավելի բարձր պահանջների համապատասխանող աշխատանքներ կատարելու պարտականություն:

Հոդված 720. Աշխատանքի որակի երաշխիքը

1. Եթե աշխատանքի արդյունքի համար օրենքով, այլ իրավական ակտերով, կապալի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանվել է երաշխիքային ժամկետ, ապա աշխատանքի արդյունքը երաշխիքային ժամկետի ամբողջ ընթացքում պետք է համապատասխանի որակի մասին պայմանագրի պայմաններին (719 հոդվածի 1-ին կետ):

2. Աշխատանքի արդյունքի որակի երաշխիքը տարածվում է աշխատանքի ամբողջ արդյունքի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Հոդված 721. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար

1. Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեսված օգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մասին համապատասխան պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, կապալառուից պահանջել`

1) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.

2) համաչափորեն նվազեցնելու աշխատանքի համար սահմանված գինը.

3) հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախսերը, եթե դրանք վերացնելու` պատվիրատուի պահանջի իրավունքը սահմանված է կապալի պայմանագրով (հոդված 413):

2. Կապալառուն թերությունները վերացնելու փոխարեն, որոնց համար ինքը պատասխանատու է, իրավունք ունի անհատույց նորից կատարել աշխատանքը և պատվիրատուին հատուցել կատարման կետանցի հետևանքով պատճառված վնասները: Այդ դեպքում պատվիրատուն պարտավոր է կապալառուին վերադարձնել մինչ այդ իրեն հանձնված աշխատանքի արդյունքը, եթե ըստ աշխատանքի բնույթի, այն հնարավոր է վերադարձնել:

3. Եթե աշխատանքում կապալի պայմանագրի պայմանից տեղ գտած շեղումը կամ աշխատանքի արդյունքի այլ թերությունները չեն վերացվել պատվիրատուի սահմանած ողջամիտ ժամկետում կամ էական և չվերացվող են, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու պատճառված վնասները:

4. Որոշակի թերությունների համար կապալառուին պատասխանատվությունից ազատելու մասին կապալի պայմանագրի պայմանը նրան չի ազատում պատասխանատվությունից, եթե ապացուցվել է, որ այդպիսի թերություններն առաջացել են նրա մեղավոր գործողությունների կամ անգործության հետևանքով:

5. Աշխատանք կատարելու համար նյութ տրամադրած կապալառուն պատասխանատվություն է կրում դրա որակի համար` անպատշաճ որակի ապրանքի վաճառքի համար վաճառողի պատասխանատվության մասին կանոններով (հոդված 491):

Հոդված 722. Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները

1. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, եթե դրանք հայտնաբերված լինեն ողջամիտ ժամկետում, սակայն աշխատանքի արդյունքը հանձնելու օրվանից երկու տարվա սահմաններում, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

3. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

4. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, և պատվիրատուն աշխատանքի արդյունքի թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն սույն հոդվածի 5-րդ կետում սահմանված պահից սկսած երկու տարվա սահմաններում, կապալառուն պատասխանատվություն է կրում, եթե պատվիրատուն ապացուցում է, որ թերություններն առաջացել են մինչև աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելը կամ մինչև այդ պահը ծագած այլ պատճառներից:

5. Երաշխիքային ժամկետը (720 հոդվածի 1-ին կետ) սկսվում է այն օրվանից, երբ պատվիրատուն ընդունել է կամ պետք է ընդուներ կատարված աշխատանքի արդյունքը, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

6. Կապալի պայմանագրով երաշխիքային ժամկետի հաշվարկման նկատմամբ կիրառվում են, համապատասխանաբար, սույն օրենսգրքի 487 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ կամ չի բխում կապալի պայմանագրի առանձնահատկություններից:

Հոդված 723. Աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ հայցերով վաղեմության ժամկետները

1. Կապալի պայմանագրով կատարված աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է, իսկ շենքերի և շինությունների համար` երեք տարի:

2. Եթե կապալի պայմանագրին համապատասխան, աշխատանքի արդյունքը պատվիրատուն ընդունել է մաս առ մաս, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելու օրվանից:

3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կապալի պայմանագրով սահմանվել է երաշխիքային ժամկետ, և աշխատանքի արդյունքի թերությունների վերաբերյալ դիմումը ներկայացվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, սույն հոդվածի 1-ին կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է թերությունների մասին դիմելու օրվանից:

Հոդված 724. Կապալառուի` պատվիրատուին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը

Կապալառուն պարտավոր է աշխատանքի արդյունքը հանձնելու հետ մեկտեղ պատվիրատուին տեղեկատվություն հաղորդել կապալի պայմանագրի առարկայի շահագործման կամ այլ օգտագործման վերաբերյալ, եթե դա նախատեսված է պայմանագրով, կամ տեղեկատվության բնույթն այնպիսին է, որ առանց դրա անհնար է աշխատանքի արդյունքն օգտագործել պայմանագրում նշված նպատակների համար:

Հոդված 725. Կողմերի ստացած տեղեկատվության գաղտնիությունը

Եթե կողմը, կապալի պայմանագրով, իր պարտավորությունը կատարելու շնորհիվ մյուս կողմից տեղեկատվություն է ստացել նոր լուծումների և տեխնիկական գիտելիքների մասին` ներառյալ օրենքով չպաշտպանվող տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկություններ, որոնք կարող են դիտվել որպես առևտրային գաղտնիք (հոդված 141), նման տեղեկատվություն ստացած կողմը, առանց մյուս կողմի համաձայնության, իրավունք չունի դրա մասին հայտնել երրորդ անձանց:

Նման տեղեկատվության օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:

Հոդված 726. Կապալառուի կողմից պատվիրատուի հանձնած գույքը վերադարձնելը

Այն դեպքերում, երբ պատվիրատուն սույն օրենսգրքի 713 հոդվածի 2-րդ կետի կամ 721 հոդվածի 3-րդ կետի հիմքով լուծում է կապալի պայմանագիրը, կապալառուն պարտավոր է վերադարձնել պատվիրատուի տրամադրած նյութերը, սարքավորումները, մշակման (վերամշակման) հանձնված գույքը կամ դրանք հանձնել պատվիրատուի նշած անձին, իսկ եթե դա անհնար է, ապա` հատուցել նյութերի, սարքավորումների և այլ գույքի արժեքը:

Հոդված 727. Մինչև աշխատանքի արդյունքն ընդունելը կապալի պայմանագիրը դադարեցնելու հետևանքները

Մինչև պատվիրատուի կողմից կապալառուի կատարած աշխատանքի արդյունքն ընդունելը, կապալի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում (718 հոդվածի 1-ին կետ), պատվիրատուն, հատուցելով կապալառուի կատարած ծախսերը, իրավունք ունի պահանջել իրեն հանձնելու անավարտ աշխատանքի արդյունքը:

§ 2. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՊԱԼ

Հոդված 728. Կենցաղային կապալի պայմանագիր

1. Կենցաղային կապալի պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կապալառուն պարտավորվում է քաղաքացու (պատվիրատուի) հանձնարարությամբ կատարել նրա կենցաղային կամ այլ անձնական պահանջները բավարարելու համար նախատեսված որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վարձատրել աշխատանքը:

2. Կենցաղային կապալի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

3. Սույն օրենսգրքով չկարգավորված` կենցաղային կապալի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը:

Հոդված 729. Պատվիրատուի իրավունքների երաշխիքները

1. Կապալառուն իրավունք չունի պատվիրատուին պարտադրել կենցաղային կապալի պայմանագրում մտցնելու լրացուցիչ աշխատանքներ կամ ծառայություններ: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագրով չնախատեսված աշխատանքը կամ ծառայությունը վարձատրելուց:

2. Պատվիրատուն իրավունք ունի մինչև կատարված աշխատանքն իրեն հանձնելը, ցանկացած պահի հրաժարվել կենցաղային կապալի պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով պայմանագրի գնի կատարված աշխատանքին համաչափ մասը, և կապալառուին հատուցել պայմանագրի կատարման համար մինչև այդ պահը կատարած ծախսերը, եթե դրանք չեն մտել աշխատանքի գնի նշված մասի մեջ: Այդ իրավունքից պատվիրատուին զրկող պայմանագրի պայմանն առոչինչ է:

Հոդված 730. Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը

1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակություն ունի, ապա կապալառուն պետք է նշի աշխատանքը կատարող կոնկրետ անձին:

2. Պատվիրատուն իրավունք ունի առանց կատարված աշխատանքը վարձատրելու, ինչպես նաև վնասները հատուցելու, պահանջել լուծելու կնքված կենցաղային կապալի պայմանագիրը, եթե կապալառուից ստացած ոչ լրիվ կամ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կնքել է այնպիսի աշխատանքի կատարման պայմանագիր, որը չունի պատվիրատուի նկատի ունեցած հատկությունները:

Հոդված 731. Աշխատանքը կապալառուի նյութով կատարելը

1. Եթե աշխատանքը, կենցաղային կապալի պայմանագրով, կատարվում է կապալառուի նյութով, պայմանագիր կնքելու ժամանակ պատվիրատուն նյութի համար վճարում է ամբողջությամբ կամ պայմանագրում նշված մասով` դրա արժեքը վերջնական հաշվարկելով կապալառուի կատարած աշխատանքն ստանալիս:

Պայմանագրին համապատասխան` կապալառուն նյութը կարող է տրամադրել ապառիկ` ներառյալ պատվիրատուի կողմից նյութի համար տարաժամկետ վճարելու պայմանով:

2. Կենցաղային կապալի պայմանագիրը կնքելուց հետո կապալառուի տրամադրած նյութի գնի փոփոխությունը վերահաշվարկի չի հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 732. Աշխատանքը պատվիրատուի նյութով կատարելը

Եթե աշխատանքը, կենցաղային կապալի պայմանագրով, կատարվում է պատվիրատուի նյութով, ապա պայմանագիր կնքելիս պատվիրատուն կապալառուին տված անդորրագրում կամ այլ փաստաթղթում պետք է նշի նյութի ճշգրիտ անվանումը, նկարագրությունը և կողմերի համաձայնությամբ որոշված գինը:

Հոդված 733. Աշխատանքի գինը և վարձատրությունը

Կենցաղային կապալի պայմանագրում աշխատանքի գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Պատվիրատուն աշխատանքը վարձատրում է կապալառուի կողմից այն վերջնական հանձնելուց հետո: Պատվիրատուն կարող է, ամբողջությամբ կամ կանխավճար տալու միջոցով, աշխատանքը վարձատրել պայմանագիրը կնքելիս:

Հոդված 734. Կատարված աշխատանքի արդյունքի օգտագործման պայմանների մասին պատվիրատուին նախազգուշացնելը

Աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելիս կապալառուն պարտավոր է նրան հայտնել այն պահանջների մասին, որոնց պահպանումն անհրաժեշտ է աշխատանքի արդյունքի արդյունավետ ու անվտանգ օգտագործման համար, ինչպես նաև դրանք չպահպանելու հնարավոր հետևանքների մասին:

Հոդված 735. Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները

1. Աշխատանքի արդյունքն ընդունելու կամ այն օգտագործելու ժամանակ թերություններ հայտնաբերելիս պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 723 հոդվածով նախատեսված ընդհանուր ժամկետներում, իսկ երաշխիքային ժամկետների առկայության դեպքում` դրանց ընթացքում, իր հայեցողությամբ իրականացնել սույն օրենսգրքի 721 հոդվածով նախատեսված իրավունքներից մեկը կամ պահանջել կրկին անհատույց կատարելու աշխատանքը կամ հատուցելու իր կամ երրորդ անձանց միջոցներով թերությունները վերացնելու համար կատարված ծախսերը:

2. Կենցաղային կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի այն թերություններն անհատույց վերացնելու պահանջը, որոնք պատվիրատուի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վտանգ են սպառնում, պատվիրատուի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է ներկայացվել աշխատանքի արդյունքն ընդունելու օրվանից տասը տարվա ընթացքում, եթե ավելի երկար ժամկետ (ծառայության ժամկետ) նախատեսված չէ օրենքով սահմանված կարգով: Նման պահանջը կարող է ներկայացվել թերությունները հայտնաբերելու ժամկետից անկախ` ներառյալ դրանց երաշխիքային ժամկետը լրանալուց հետո հայտնաբերվելու դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջը կապալառուի կողմից չկատարվելու դեպքում պատվիրատուն իրավունք ունի պահանջել նույն ժամկետում վերադարձնելու աշխատանքի համար վճարված գնի մասը կամ հատուցելու իր կամ այլ անձանց ուժերով թերությունները վերացնելու կապակցությամբ կատարված ծախսերը:

Հոդված 736. Աշխատանքի արդյունքն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու հետևանքները

Կատարված աշխատանքի արդյունքն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու կամ այն ընդունելուց խուսափելու այլ դեպքերում կապալառուն իրավունք ունի պատվիրատուին գրավոր զգուշացնել և զգուշացման օրվանից երկու ամիս անց` ողջամիտ գնով վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը, իրեն հասանելիք վճարները պահելուց հետո, մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով:

Հոդված 737. Պատվիրատուի իրավունքները կենցաղային կապալի պայմանագրով աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում

Կենցաղային կապալի պայմանագրով աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 518-520 հոդվածներին համապատասխան օգտվել գնորդին վերապահված իրավունքներից:

§ 3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՊԱԼ

Հոդված 738. Շինարարական կապալի պայմանագիր

1. Կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:

2. Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նաև շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Պայմանագրով նախատեսված դեպքերում կապալառուն պարտավոր է պայմանագրում նշված ժամկետում ապահովել օբյեկտի շահագործումը` այն պատվիրատուի կողմից ընդունելուց հետո:

3. Այն դեպքերում, երբ աշխատանքները շինարարական կապալի պայմանագրով կատարվում են քաղաքացու (պատվիրատուի) կենցաղային կամ այլ անձնական պահանջմունքները բավարարելու համար, այդպիսի պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են կենցաղային կապալի պայմանագրով` պատվիրատուի իրավունքների մասին սույն գլխի 2-րդ պարագրաֆի կանոնները:

Հոդված 739. Ռիսկի բաշխումը կողմերի միջև

1. Շինարարական կապալի պայմանագրի առարկա շինարարական օբյեկտի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ օբյեկտը պատվիրատուի կողմից ընդունելը կրում է կապալառուն:

2. Եթե մինչև պատվիրատուի կողմից շինարարական օբյեկտն ընդունելն այն փլուզվել կամ վնասվել է պատվիրատուի տրամադրած անորակ նյութերի (մասերի, կառուցվածքների) կամ սարքավորումների կամ պատվիրատուի տված սխալ ցուցումները կատարելու հետևանքով, կապալառուն իրավունք ունի պահանջել վճարելու նախահաշվով նախատեսված ամբողջ աշխատանքի արժեքը, պայմանով, եթե ինքը կատարել է սույն օրենսգրքի 714 հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները:

Հոդված 740. Շինարարական օբյեկտն ապահովագրելը

1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն:

Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականությունը, պետք է մյուս կողմին ապացույցներ ներկայացնի իր կողմից շինարարական կապալի պայմանագրով նախատեսված պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելու մասին` ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները:

2. Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:

Հոդված 741. Նախագծային փաստաթղթեր և նախահաշիվ

1. Կապալառուն պարտավոր է շինարարությունը և դրա հետ կապված աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունն ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող նախագծային փաստաթղթերին և աշխատանքի գինը որոշող նախահաշվին համապատասխան:

Շինարարական կապալի պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում ենթադրվում է, որ կապալառուն պարտավոր է կատարել նախագծային փաստաթղթերում և նախահաշվում նշված բոլոր աշխատանքները:

2. Շինարարական կապալի պայմանագրով պետք է սահմանված լինեն նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է նախատեսված լինի, թե կողմերից որը ու ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:

3. Կապալառուն, շինարարության ընթացքում հայտնաբերելով նախագծային փաստաթղթերում հաշվի չառնված աշխատանքներ և դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանքներ կատարելու և շինարարության նախահաշվային արժեքն ավելացնելու անհրաժեշտություն, պարտավոր է այդ մասին հաղորդել պատվիրատուին:

Տասնօրյա ժամկետում պատվիրատուից իր հաղորդման պատասխանը չստանալու դեպքում կապալառուն պարտավոր է դադարեցնել համապատասխան աշխատանքները` պարապուրդից առաջացած վնասները հաշվարկելով պատվիրատուի հաշվին, եթե դրա համար այլ ժամկետ սահմանված չէ շինարարական կապալի պայմանագրով: Պատվիրատուն ազատվում է այդ վնասները հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության բացակայությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված պարտականությունները չկատարած կապալառուն զրկվում է պատվիրատուից իր կատարած լրացուցիչ աշխատանքների վարձատրություն և դրանցից բխող վնասների հատուցում պահանջելու իրավունքից, եթե չի ապացուցում, որ անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը բխել է պատվիրատուի շահերից, մասնավորապես, պայմանավորված է եղել այն պարագայով, որ աշխատանքը դադարեցնելը կարող էր հանգեցնել շինարարական օբյեկտի վնասման կամ փլուզման:

5. Լրացուցիչ աշխատանքներ կատարելու և դրանց վարձատրության համար պատվիրատուի համաձայնության դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել դրանք կատարելուց միայն այն դեպքերում, երբ այդպիսիք չեն մտնում կապալառուի մասնագիտական գործունեության բնագավառի մեջ, կամ կապալառուն չի կարող կատարել իրենից անկախ պատճառներով:

Հոդված 742. Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը

1. Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը:

2. Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ կազմված լրացուցիչ նախահաշվի հիման վրա:

3. Կապալառուն, սույն օրենսգրքի 466 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահանջել վերանայելու նախահաշիվը, եթե իրենից անկախ պատճառներով աշխատանքի արժեքն ավելի քան տասը տոկոսով գերազանցել է նախահաշվով նախատեսվածից:

4. Կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու նախագծային փաստաթղթերի թերությունները պարզելու և դրանք վերանայելու հետ կապված ողջամիտ ծախսերը:

Հոդված 743. Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը

1. Շինարարությունը նյութերով` ներառյալ կոնստրուկցիաներով կամ սարքավորումներով, ապահովելու պարտականությունը կրում է կապալառուն, եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված չէ, որ ամբողջ շինարարությունը կամ դրա որոշակի մասն ապահովում է պատվիրատուն:

2. Կողմը, որի պարտականության մեջ է մտնում շինարարության ապահովումը, պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերը կամ սարքավորումները` առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման, օգտագործելու անհնարինության համար, եթե չի ապացուցում, որ դրանք օգտագործելու անհնարինությունն առաջացել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար պատասխանատու է մյուս կողմը:

3. Առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման` պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումներն օգտագործելու անհնարինության ու պատվիրատուի կողմից դրանց փոխարինումը մերժելու դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել շինարարական կապալի պայմանագրից ու պատվիրատուից պահանջել վճարելու պայմանագրի գնի` կատարված աշխատանքին համարժեք մասը:

Հոդված 744. Աշխատանքի վարձատրությունը

1. Կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 709 հոդվածին համապատասխան:

2. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել աշխատանքի միաժամանակյա և լրիվ ծավալով վարձատրություն` պատվիրատուի կողմից օբյեկտն ընդունելուց հետո:

Հոդված 745. Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները

1. Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը:

2. Պատվիրատուն պարտավոր է, շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, կապալառուի օգտագործմանը հանձնել աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ, ապահովել նրա հասցեով բեռների փոխադրումը, էներգամատակարարման և ջրագծերի ժամանակավոր միացումը, ինչպես նաև մատուցել այլ ծառայություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` պատվիրատուի մատուցած ծառայությունների վարձատրությունը կատարվում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և պայմաններում:

Հոդված 746. Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ

1. Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը:

2. Պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը:

3. Կապալառուն պարտավոր է կատարել շինարարության ընթացքում պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում շինարարական կապալի պայմանագրի պայմաններին:

4. Աշխատանքներն անպատշաճ կատարած կապալառուն իրավունք չունի վկայակոչել, որ պատվիրատուն հսկողություն չի իրականացրել դրանց կատարման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հսկողություն իրականացնելու պարտականությունն օրենքով կամ պայմանագրով դրված է պատվիրատուի վրա:

Հոդված 747. Ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) մասնակցությունը պատվիրատուի իրավունքների իրականացմանը և պարտականությունների կատարմանը

Պատվիրատուն, շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնելու և կապալառուի հետ փոխհարաբերություններում իր անունից որոշում կայացնելու նպատակով, ինքնուրույն` առանց կապալառուի համաձայնության, կարող է այդպիսի ծառայություններ մատուցելու համար պայմանագիր կնքել համապատասխան ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) հետ: Այդ դեպքում շինարարական կապալի պայմանագրում սահմանվում են նման ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) լիազորությունները` կապված կապալառուի համար նրա կատարած գործողությունների հետևանքների հետ:

Հոդված 748. Կողմերի համագործակցությունը շինարարական կապալի պայմանագրում

1. Եթե շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվում են շինարարական կապալի պայմանագրի պատշաճ կատարմանը խոչընդոտող հանգամանքները, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները դրա վերացման համար: Այդ պարտականությունը չկատարած կողմը կորցնում է այն վնասների հատուցումն ստանալու իրավունքը, որոնք պատճառվել են համապատասխան խոչընդոտները չվերացնելու հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կատարելու հետ կապված կողմի ծախսերը պետք է հատուցի մյուս կողմը, եթե դա նախատեսված է շինարարական կապալի պայմանագրով:

Հոդված 749. Կապալառուի` շրջակա միջավայրի պահպանությունը և շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու պարտականությունները

1. Կապալառուն շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է կատարել շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության վերաբերյալ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները:

Կապալառուն պատասխանատվություն է կրում նշված պահանջները չկատարելու համար:

2. Կապալառուն աշխատանքներ իրականացնելիս իրավունք չունի օգտագործել պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումները կամ կատարել նրա ցուցումները, եթե դրանք կարող են հանգեցնել կողմերի համար պարտադիր շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության պահանջների խախտման:

Հոդված 750. Շինարարությունը դադարեցնելու և կոնսերվացնելու հետևանքները

Եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները դադարեցվել են կողմերից անկախ պատճառներով, և շինարարության օբյեկտը կոնսերվացվել է, պատվիրատուն պարտավոր է կապալառուին լրիվ ծավալով հատուցել աշխատանքները դադարեցնելու ու շինարարությունը կոնսերվացնելու անհրաժեշտությունից բխող ծախսերը:

Հոդված 751. Աշխատանքները հանձնելը և ընդունելը

1. Շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով:

2. Պատվիրատուն աշխատանքի արդյունքի ընդունումը կազմակերպում և իրականացնում է իր հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում աշխատանքների արդյունքի ընդունմանը պետք է մասնակցեն պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

3. Աշխատանքի առանձին փուլի արդյունքը նախապես ընդունած պատվիրատուն կրում է կապալառուի մեղքով չառաջացած` աշխատանքի արդյունքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

4. Կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը:

Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու միակողմանի ակտը դատարանը կարող է անվավեր ճանաչել, եթե հիմնավոր են ճանաչվել ակտն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները:

5. Օրենքով կամ շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կամ, եթե դա բխում է պայմանագրով կատարվող աշխատանքի բնույթից, աշխատանքի արդյունքի ընդունմանը պետք է նախորդի նախնական փորձարկում: Այդ դեպքում ընդունումը կարող է իրականացվել միայն նախնական փորձարկման դրական արդյունքի հիման վրա:

6. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:

Հոդված 752. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար

1. Կապալառուն պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերով և կողմերի համար պարտադիր շինարարական նորմերով ու կանոններով նախատեսված պահանջներից շեղումներ թույլ տալու, ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նշված շինարարական օբյեկտի ցուցանիշներին չհասնելու համար:

Շենքի կամ շինության վերակառուցման (նորոգման, վերականգնման) դեպքում կապալառուն պատասխանատվություն է կրում շենքի, շինության կամ դրա մասի ամրության, կայունության և ապահովության կորստի կամ նվազման համար:

2. Կապալառուն պատասխանատվություն չի կրում առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերի պահանջներից փոքր շեղումներ թույլ տալու համար, եթե ապացուցում է, որ դրանք չեն ազդել շինարարական օբյեկտի որակի վրա:

Հոդված 753. Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով

1. Կապալառուն երաշխավորում է շինարարական օբյեկտի` նախագծային փաստաթղթերում նշված ցուցանիշներին հասնելը և երաշխիքային ժամկետում օբյեկտը շինարարական կապալի պայմանագրին համապատասխան շահագործելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ շինարարական կապալի պայմանագրով: Օրենքով սահմանված երաշխիքային ժամկետի տևողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:

2. Կապալառուն պատասխանատվություն է կրում երաշխիքային ժամկետի սահմաններում հայտնաբերված թերությունների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են օբյեկտի կամ դրա մասերի բնականոն մաշվածության, դրանց ոչ ճիշտ շահագործման, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց մշակած դրանց շահագործման մասին հրահանգների անճշտության, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց կողմից օբյեկտի անպատշաճ նորոգման հետևանքով:

3. Երաշխիքային ժամկետի ընթացքն ընդհատվում է այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում օբյեկտը հնարավոր չի եղել շահագործել այնպիսի թերությունների հետևանքով, որոնց համար պատասխանատու է կապալառուն:

4. Երաշխիքային ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 752 հոդվածի 1-ին կետում նշված թերությունները հայտնաբերվելու դեպքում, պատվիրատուն պետք է ողջամիտ ժամկետում դրանց մասին հայտնի կապալառուին:

Հոդված 754. Շինարարական աշխատանքների անպատշաճ լինելը հայտնաբերելու ժամկետները

Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջներ ներկայացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի 722 հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված կանոնները:

Ընդ որում, թերությունները հայտնաբերելու վերջնական ժամկետը, համաձայն սույն օրենսգրքի 722 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, հինգ տարի է:

Հոդված 755. Թերությունները պատվիրատուի հաշվին վերացնելը

1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել պատվիրատուի պահանջով և նրա հաշվին կապալառուի կողմից այն թերությունները վերացնելու պարտականությունը, որոնց համար կապալառուն պատասխանատվություն չի կրում:

2. Կապալառուն իրավունք ունի հրաժարվել սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունը կատարելուց այն դեպքերում, երբ թերությունները վերացնելն անմիջականորեն կապված չէ պայմանագրի առարկայի հետ, կամ կապալառուն չի կարող այն իրականացնել` իրենից անկախ պատճառներով:

§ 4. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼ

Հոդված 756. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր

Կապալառուն (նախագծողը, հետազոտողը) նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ մշակել նախագծային փաստաթղթեր և (կամ) կատարել հետազոտական աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել դրանք ու վճարել դրանց արդյունքի համար:

Հոդված 757. Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները

1. Պատվիրատուն նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավոր է կապալառուին հանձնել նախագծային առաջադրանքը, ինչպես նաև այլ ելակետային տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծային փաստաթղթեր կազմելու համար: Նախագծային աշխատանքներ կատարելու առաջադրանքը պատվիրատուի հանձնարարությամբ կարող է պատրաստել կապալառուն: Այդ դեպքում առաջադրանքը կողմերի համար պարտադիր է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:

2. Կապալառուն պարտավոր է պահպանել նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար առաջադրանքում ու մյուս ելակետային տվյալներում պարունակվող պահանջները:

Հոդված 758. Պատվիրատուի պարտականությունները

Եթե այլ բան նախատեսված չէ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով, պատվիրատուն պարտավոր է`

1) աշխատանքները ավարտելուց հետո, սահմանված գինը կապալառուին վճարել ամբողջությամբ կամ մաս առ մաս` աշխատանքների առանձին փուլերի ավարտից հետո.

2) կապալառուից ստացած նախագծային փաստաթղթերն օգտագործել միայն պայմանագրով նախատեսված նպատակներով, նախագծային փաստաթղթերը չփոխանցել երրորդ անձանց և առանց կապալառուի համաձայնության չհրապարակել դրանցում պարունակվող տվյալները.

3) պայմանագրում նախատեսված պայմաններով և ծավալով աջակցել կապալառուին.

4) կապալառուի հետ միասին մասնակցել պատրաստի նախագծային փաստաթղթերը համապատասխան պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցմանը.

5) հատուցել կապալառուի լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները կապալառուից անկախ հանգամանքների հետևանքով փոփոխվելու արդյունքում.

6) կապալառուին ներգրավել կազմված նախագծային փաստաթղթերի կամ կատարված հետազոտական աշխատանքների թերությունների կապակցությամբ երրորդ անձի կողմից պատվիրատուի դեմ հարուցված հայցով գործի քննությանը:

Հոդված 759. Կապալառուի պարտականությունները

1. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է`

1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան.

2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծային փաստաթղթերը և հետազոտական աշխատանքների արդյունքը.

4) առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերը չհանձնել երրորդ անձանց:

2. Նախագծային և հետազոտական աշխատանքի կապալի պայմանագրով` կապալառուն պատվիրատուին երաշխավորում է, որ երրորդ անձանց մոտ բացակայում են կապալառուի կազմած նախագծային փաստաթղթերի հիման վրա աշխատանքներ կատարելուն խոչընդոտող կամ դրանց կատարելը սահմանափակող իրավունքներ:

Հոդված 760. Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար

1. Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները:

2. Նախագծային փաստաթղթերում կամ հետազոտական աշխատանքներում թերություններ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուի պահանջով կապալառուն պարտավոր է անհատույց վերափոխել նախագծային փաստաթղթերը և, համապատասխանաբար, իրականացնել լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հատուցել պատվիրատուին պատճառված վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով:

§ 5. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 761. Պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիրը

1. Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքները (հոդված 738), նախագծային ու հետազոտական աշխատանքները (հոդված 756) իրականացվում են պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման մասին պետական պայմանագրի հիման վրա:

2. Պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագրով (այսուհետ` պետական պայմանագիր) կապալառուն պարտավորվում է կատարել շինարարական, նախագծային և այլ աշխատանքներ ու հանձնել պետական պատվիրատուին, իսկ պետական պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել այն:

Հոդված 762. Պետական պայմանագրի կողմերը

Պետական պայմանագրով` պետական պատվիրատու է լիազորված պետական մարմինը, իսկ կապալառու` իրավաբանական անձը կամ քաղաքացին:

Հոդված 763. Պետական պայմանագրի կնքման հիմքերը և կարգը

Պետական պայմանագրի կնքման հիմքերը և կարգը որոշվում են սույն օրենսգրքի 542 և 543 հոդվածների դրույթներին համապատասխան:

Հոդված 764. Պետական պայմանագրի բովանդակությունը

1. Պետական պայմանագրի պայմանները որոշվում են հայտարարված մրցույթի պայմաններին և մրցույթում հաղթող ճանաչված` կապալառուի մրցույթին ներկայացրած առաջարկությանը համապատասխան:

2. Պետական պայմանագիրը պետք է պայմաններ պարունակի կատարման ենթակա աշխատանքի ծավալի ու արժեքի, այն սկսելու և ավարտի ժամկետների, աշխատանքների ֆինանսավորման ու վճարման չափի և կարգի, կողմերի պարտավորությունների կատարումն ապահովող եղանակների մասին:

Հոդված 765. Պետական պայմանագիրը փոփոխելը

1. Սահմանված կարգով կապալային աշխատանքների ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի միջոցների նվազեցման դեպքում կողմերը պետք է համաձայնեցնեն նոր ժամկետներ, անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքի կատարման այլ պայմաններ:

2. Կապալառուն իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել հատուցելու աշխատանքների կատարման ժամկետները փոփոխելու հետևանքով իրեն պատճառված վնասները:

3. Պետական պայմանագրի փոփոխումը, որը կապված չէ սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների հետ, կատարվում է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Հոդված 766. Պետական պայմանագրի իրավական կարգավորումը

Պետական պայմանագրերով հարաբերությունների այն մասի նկատմամբ, որը չի կարգավորվում սույն օրենսգրքով, կիրառվում է պետական կարիքների համար կապալի մասին օրենքը:

Գ Լ ՈՒ Խ  38

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 767. Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր

1. Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կամ նոր տեխնոլոգիա, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքն ու վճարել դրա համար:

2. Կատարողի հետ պայմանագիրը կարող է ներառել ինչպես հետազոտությունների, մշակումների և նմուշների պատրաստման ամբողջ գործընթացը, այնպես էլ դրա առանձին փուլերը (տարրերը):

3. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պատահական անհնարինության ռիսկը կրում է պատվիրատուն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

4. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի պայմանները պետք է համապատասխանեն բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) մասին սույն օրենսգրքի նորմերին, օրենքներին և այլ իրավական ակտերին:

5. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են գրավոր:

Հոդված 768. Աշխատանքների կատարումը

1. Կատարողը պարտավոր է գիտական հետազոտություններն իրականացնել անձամբ: Նա իրավունք ունի գիտահետազոտական աշխատանքների կատարմանը ներգրավել երրորդ անձանց` միայն պատվիրատուի համաձայնությամբ:

2. Փորձարարական, կոնստրուկտորական կամ տեխնոլոգիական աշխատանքներ կատարողն իրավունք ունի այդ աշխատանքներում ներգրավել երրորդ անձանց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Կատարողի և երրորդ անձանց հարաբերությունների նկատմամբ կիրառվում են գլխավոր կապալառուի և ենթակապալառուի մասին կանոնները (հոդված 704):

Հոդված 769. Պայմանագրի առարկա կազմող տեղեկությունների գաղտնիությունը

1. Կողմերը պարտավոր են ապահովել պայմանագրի առարկային, դրա կատարման ընթացքին և ստացված արդյունքներին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այլ բան նախատեսված չէ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով: Գաղտնի ճանաչվող տեղեկությունների ծավալը որոշվում է պայմանագրով:

2. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է աշխատանքները կատարելիս ստացված գաղտնի ճանաչված տեղեկությունները հրապարակել միայն մյուս կողմի համաձայնությամբ:

Հոդված 770. Կողմերի իրավունքներն աշխատանքների արդյունքների նկատմամբ

1. Կողմերը գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով իրավունք ունեն օգտագործել աշխատանքների` ներառյալ պայմանագրով նախատեսված սահմաններում և պայմաններով իրավական պահպանության ենթակա արդյունքները:

2. Պատվիրատուն իրավունք ունի օգտագործել կատարողի կողմից իրեն հանձնված աշխատանքի` ներառյալ իրավական պահպանության ենթակա արդյունքները, իսկ կատարողն իրավունք ունի օգտագործել իր աշխատանքի արդյունքները սեփական կարիքների համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 771. Պատվիրատուի պարտականությունները

1. Պատվիրատուն, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է`

1) կատարողին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել աշխատանքների կատարման համար.

2) ընդունել կատարված աշխատանքների արդյունքները և վճարել դրանց համար:

2. Պայմանագրով կարող է նախատեսվել նաև կատարողին տեխնիկական առաջադրանք տալու` պատվիրատուի պարտականությունը և նրա հետ համաձայնեցնելու աշխատանքների ծրագիրը (տեխնիկական, տնտեսական պարամետրերը) կամ թեմաները:

Հոդված 772. Կատարողի պարտականությունները

Կատարողը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է`

1) աշխատանքները կատարել պատվիրատուի հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքին համապատասխան և դրանց արդյունքները պատվիրատուին հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում.

2) պատվիրատուի հետ համաձայնեցնել երրորդ անձանց պատկանող մտավոր գործունեության պահպանվող արդյունքների օգտագործման, դրանց օգտագործման համար իրավունքների ձեռքբերման անհրաժեշտությունը.

3) իր ուժերով և իր հաշվին վերացնել աշխատանքների կատարման ընթացքում իր մեղքով թույլ տրված այն թերությունները, որոնք կարող են հանգեցնել տեխնիկական առաջադրանքում կամ պայմանագրում նախատեսված տեխնիկական, տնտեսական պարամետրերից շեղումների.

4) պատվիրատուին անհապաղ տեղեկացնել աշխատանքների սպասվելիք արդյունքների ստացման անհնարինության հայտնաբերման կամ աշխատանքները շարունակելու աննպատակահարմարության մասին.

5) պատվիրատուին երաշխավորել այլ անձանց բացառիկ իրավունքները չխախտող պայմանագրով ստացված արդյունքների հանձնումը:

Հոդված 773. Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին հասնելու անհնարինության հետևանքները

Եթե գիտահետազոտական աշխատանքների ընթացքում պարզվում է, որ կատարողից անկախ հանգամանքների հետևանքով արդյունքների հասնելն անհնար է, պատվիրատուն պարտավոր է կատարված աշխատանքների արժեքը վճարել մինչև գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված արդյունքներն ստանալու անհնարինությունը պարզելը, սակայն պայմանագրում նշված համապատասխան մասի գնից ոչ ավելի:

Հոդված 774. Փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքները շարունակելու անհնարինության հետևանքները

Եթե փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման ընթացքում պարզվում է աշխատանքները կատարողի մեղքից անկախ հանգամանքների հետևանքով շարունակելու անհնարինություն կամ աննպատակահարմարություն, պատվիրատուն պարտավոր է վճարել կատարողի կրած ծախսերը:

Հոդված 775. Կատարողի պատասխանատվությունը պայմանագրի խախտման համար

1. Կատարողը պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի խախտման համար, եթե չի ապացուցում, որ նման խախտումն առաջացել է իր մեղքից անկախ հանգամանքների հետևանքով (417 հոդվածի 1-ին կետ):

2. Կատարողը պարտավոր է հատուցել պատվիրատուին պատճառած վնասները, այն աշխատանքների արժեքի սահմաններում, որոնցում ի հայտ են եկել թերությունները, եթե պայմանագրով նախատեսված չէ, որ դրանք ենթակա են հատուցման աշխատանքների ընդհանուր արժեքի սահմաններում: Բաց թողած օգուտը ենթակա է հատուցման` պայմանագրով նախատեսված դեպքերում:

Հոդված 776. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի իրավական կարգավորումը

Աշխատանքների կատարման ժամկետների և գնի, ինչպես նաև աշխատանքների արդյունքների ստացմանը պատվիրատուի չներկայանալու հետևանքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 706, 707 և 736 հոդվածների կանոնները:

Պետական կարիքների համար գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պետական պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 761-766 հոդվածների կանոնները:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  39

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Հոդված 777. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր

1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

2. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Սույն գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

Հոդված 778. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումը

Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել անձամբ, եթե այլ բան նախատեսված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Հոդված 779. Ծառայությունների համար վճարելը

1. Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

2. Կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է պատվիրատուի մեղքով, ծառայությունները վճարվում են լրիվ ծավալով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

3. Այն դեպքում, երբ կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, պատվիրատուն կատարողին հատուցում է նրա կատարած փաստացի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Հոդված 780. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը

1. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:

2. Կատարողն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պայմանով:

 

Հոդված 780.1. Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների առանձնահատկությունները

 

1. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:

2. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը և պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում և դրա ավարտից հետո՝ առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի հետ կնքված պայմանագրով:

(780.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

Հոդված 781. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի իրավական կարգավորումը

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) և կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:

Գ Լ ՈՒ Խ  40

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 782. Հանձնարարության պայմանագիր

1. Հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները և պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:

2. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

3. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 783. Հանձնակատարի վարձատրությունը

1. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով:

Այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագիրն առնչվում է երկու կողմերի կամ դրանցից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Հանձնարարության վճարովի պայմանագրում վարձատրության չափի կամ այն վճարելու կարգի մասին պայմանի բացակայության դեպքում, հանձնակատարը, սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան, վարձատրվում է պայմանագիրը կատարելուց հետո:

3. Որպես առևտրային ներկայացուցիչ (320 հոդվածի 1-ին կետ) գործող հանձնակատարը, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահել իր մոտ գտնվող և հանձնարարողին հանձնելու ենթակա գույքը հանձնարարության պայմանագրով նախատեսված իր պահանջներն ապահովելու համար:

Հոդված 784. Հանձնարարողի ցուցումներին համապատասխան հանձնարարությունը կատարելը

1. Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել հանձնարարողի ցուցումներին համապատասխան: Հանձնարարողի ցուցումները պետք է լինեն օրինաչափ, իրականացվող և որոշակի:

2. Հանձնակատարն իրավունք ունի շեղվել հանձնարարողի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ հանձնարարողի, և հանձնակատարը չի կարողացել նախապես հարցում անել հանձնարարողին կամ ողջամիտ ժամկետում չի ստացել իր հարցման պատասխանը: Հանձնակատարը պարտավոր է թույլ տված շեղումների մասին ծանուցել հանձնարարողին, երբ նման ծանուցումը դառնում է հնարավոր:

3. Հանձնարարողը որպես առևտրային ներկայացուցիչ գործող հանձնակատարին (320 հոդվածի 1-ին կետ) կարող է իրավունք վերապահել` առանց նախնական հարցման շեղվելու իր ցուցումներից: Այդ դեպքում առևտրային ներկայացուցիչը պարտավոր է կատարված շեղումների մասին ողջամիտ ժամկետում ծանուցել հանձնարարողին, եթե այլ բան նախատեսված չէ հանձնարարության պայմանագրով:

Հոդված 785. Հանձնակատարի պարտականությունները

Հանձնակատարը պարտավոր է`

1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի.

2) հանձնարարողի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի մասին բոլոր տեղեկությունները.

3) ի կատարումն հանձնարարության` գործարքներից ստացածն անհապաղ հանձնել հանձնարարողին.

4) հանձնարարությունը կատարելուց կամ մինչև դրա կատարելը հանձնարարության պայմանագիրը դադարելուց հետո հանձնարարողին անհապաղ վերադարձնել այն լիազորագիրը, որի գործողության ժամկետը չի ավարտվել, և հաշվետվություն ներկայացնել` կցելով համապատասխան փաստաթղթեր, եթե դա պահանջվում է պայմանագրի պայմաններով կամ հանձնարարության բնույթով:

Հոդված 786. Հանձնարարողի պարտականությունները

1. Հանձնարարողը պարտավոր է հանձնարարության պայմանագրով նախատեսված իրավաբանական գործողությունները կատարելու համար հանձնակատարին տալ լիազորագիր (լիազորագրեր), բացառությամբ սույն օրենսգրքի 318 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

2. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, հանձնարարողը պարտավոր է`

1) հանձնակատարին ապահովել հանձնարարությունը կատարելու համար անհրաժեշտ միջոցներով.

2) հատուցել հանձնակատարի կրած ծախսերը:

3. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարից անհապաղ ընդունել պայմանագրին համապատասխան ամբողջ կատարվածը:

4. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե սույն օրենսգրքի 783 հոդվածին համապատասխան` հանձնարարության պայմանագիրը վճարովի է:

Հոդված 787. Վերահանձնարարում

1. Հանձնակատարն իրավունք ունի, սույն օրենսգրքի 323 հոդվածում նախատեսված դեպքերում և պայմաններով, հանձնարարության կատարումը հանձնարարել այլ անձի (տեղակալին):

2. Հանձնարարողն իրավունք ունի հեռացնել հանձնակատարի ընտրած տեղակալին:

3. Եթե հանձնակատարի հնարավոր տեղակալի անունը նշված է հանձնարարության պայմանագրում, հանձնակատարը պատասխանատվություն չի կրում նրա ընտրության և նրա կողմից գործերը վարելու համար:

Եթե հանձնարարության կատարումն այլ անձի փոխանցելու հանձնակատարի իրավունքը նախատեսված չէ պայմանագրում կամ նախատեսված է, սակայն տեղակալի անունը նշված չէ, հանձնակատարը պատասխանատվություն է կրում տեղակալի ընտրության համար:

Հոդված 788. Հանձնարարության պայմանագրի դադարելը

1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`

1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու.

2) հանձնակատարի հրաժարվելու.

3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու:

2. Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց: Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

3. Հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի, գործողություններ նախատեսող հանձնարարության պայմանագրից հրաժարվող կողմը պարտավոր է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ ծանուցել մյուս կողմին պայմանագրի դադարման մասին, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:

Առևտրային ներկայացուցիչ-իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում հանձնարարողն իրավունք ունի հանձնարարությունը վերացնել առանց նախնական ծանուցման:

Հոդված 789. Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները

1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա գիտեր կամ պետք է իմանար հանձնարարությունը դադարելու մասին:

2. Հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի վերացմամբ հանձնակատարին պատճառված վնասները հատուցելու համար, բացառությամբ այն պայմանագրի դադարման դեպքերի, որը նախատեսում է հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:

3. Հանձնակատարի կողմից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի դադարեցմամբ հանձնարարողին պատճառած վնասները հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը հրաժարվել է այնպիսի պայմաններում, որոնցում հանձնարարողը զրկված է եղել իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ինչպես նաև, երբ հանձնակատարը հրաժարվել է այն պայմանագիրը կատարելուց, որը նախատեսում է նրա` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:

Հոդված 790. Հանձնակատար-քաղաքացու ժառանգների և հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողի պարտականությունները

Հանձնակատարի մահվան դեպքում նրա ժառանգները պարտավոր են ծանուցել հանձնարարողին հանձնարարության պայմանագրի դադարման մասին և ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են հանձնարարողի գույքը պահպանելու համար, մասնավորապես, պահպանել նրա գույքը և փաստաթղթերն ու դրանք հանձնել հանձնարարողին:

Նման պարտականություն կրում է նաև հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.