ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 56-60

ՅՈԹԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  56

ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 1039. Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները

Քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև սույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հիմնված պահանջները չեն համարվում ռիսկի վրա հիմնված խաղեր կամ գրազ (մոլեխաղեր), նույնիսկ եթե դրանք պարունակում են խաղերին և (կամ) գրազին (մոլեխաղերին) բնորոշ կամ համանման պայմաններ:

(1039-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն)

 

Հոդված 1040. Պետության և համայնքների կողմից կամ նրանց թույլտվությամբ վիճակախաղեր, տոտալիզատորներ և այլ խաղեր անցկացնելը

1. Վիճակախաղերի, տոտալիզատորների (փոխադարձ գրազների) և ռիսկի վրա հիմնված այլ խաղերի կազմակերպիչների` Հայաստանի Հանրապետության, համայնքների, լիազորված պետական մարմնի թույլտվություն (լիցենզիա) ստացած անձանց և խաղերի մասնակիցների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա:

2. Խաղեր կազմակերպելու կանոններով նախատեսված դեպքերում խաղերի կազմակերպչի և մասնակցի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տալով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին:

4. Խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղերի մասնակիցներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:

5. Վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում վիճակախաղում, տոտալիզատորում կամ այլ խաղերում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը` ինչպես նաև հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:

ՈՒԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  57

ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ

Հոդված 1041. Պարգև վճարելու պարտականությունը

1. Այն անձը, ով հրապարակայնորեն խոստացել է որոշակի օրինաչափ գործողություն կատարելու համար վարձատրելու կամ պարգև տալու (պարգև վճարելու) մասին, պարտավոր է խոստացած պարգևը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին, որը, մասնավորապես, գտել է հայտարարություն արած անձի կորցրած գույքը կամ տեղեկություններ է հայտնել դրա վերաբերյալ:

2. Պարգև վճարելու պարտականությունը ծագում է, եթե պարգև վճարելու խոստումը հնարավորություն է ընձեռում պարզելու, թե ով է այն խոստացել: Խոստմանն արձագանքած անձն իրավունք ունի պահանջել խոստման գրավոր հավաստում և կրում է նման պահանջը չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե պարզվում է, որ պարգևի մասին հայտարարությունն իրականում չի արել նրանում նշված անձը:

3. Եթե պարգևի հրապարակային խոստման մեջ դրա չափը նշված չէ, այն որոշվում է պարգև խոստացած անձի հետ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով:

4. Պարգևը վճարելու պարտականությունը ծագում է անկախ այն բանից, համապատասխան գործողությունը կատարվել է արված հայտարարության առնչությամբ, թե անկախ դրանից:

5. Այն դեպքերում, երբ հայտարարությունում նշված գործողությունը կատարել է մի քանի անձ, նրանցից պարգև ստանալու իրավունք ձեռք է բերում նա, ով առաջինն է կատարել համապատասխան գործողությունը:

Եթե հայտարարությունում նշված գործողությունը կատարել է երկու և ավելի անձ, և անհնար է որոշել, թե նրանցից ով է դա առաջինը կատարել, ինչպես նաև այն դեպքում, երբ երկու և ավելի անձինք գործողությունը կատարել են միաժամանակ, պարգևը նրանց միջև բաշխվում է հավասար կամ նրանց միջև համաձայնությամբ նախատեսված այլ չափով, իսկ վեճի դեպքում` դատարանով:

6. Կատարված գործողության համապատասխանությունը հայտարարության մեջ նշված պահանջներին` որոշում է հրապարակային պարգև խոստացած անձը, իսկ վեճի դեպքում` դատարանը, եթե այլ բան նախատեսված չէ պարգևի մասին հայտարարության մեջ և չի բխում դրանում նշված գործողության բնույթից:

Հոդված 1042. Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը

1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:

2. Պարգևի հրապարակային խոստումը վերացնելը չի ազատում պարգև խոստացած անձին, պարգևի հայտարարության մեջ նշված սահմաններում այն անձանց ծախսերը հատուցելու պարտականությունից, որոնք վերջիններս կրել են հայտարարության մեջ նշված գործողությունները կատարելու առնչությամբ:

Գ Լ ՈՒ Խ  58

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Հոդված 1043. Հրապարակային մրցույթ կազմակերպելը

1. Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին:

2. Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազմակերպչի առաջարկը, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հայտարարության համաձայն, ուղղված է բոլոր ցանկացողներին, կամ փակ, եթե մրցույթին մասնակցելու առաջարկը մրցույթի կազմակերպչի ընտրությամբ ուղղված է անձանց որոշակի շրջանակի:

Բաց մրցույթը կարող է պայմանավորված լինել դրա մասնակիցների որակավորմամբ, որի դեպքում մրցույթի կազմակերպիչը նախնական ընտրություն է կատարում դրան մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից:

3. Հրապարակային մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն նախատեսի առաջադրանքի էությունը, աշխատանքների կամ այլ ձեռքբերումների չափանիշները և գնահատման կարգը, դրանց ներկայացման վայրը, ժամկետն ու կարգը, պարգևի չափը և ձևը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետներն ու կարգը:

4. Մրցույթում հաղթածի հետ պայմանագիր կնքելու պարտավորություն պարունակող հրապարակային մրցույթի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 463-465 հոդվածներով:

Հոդված 1044. Հրապարակային մրցույթի պայմանները փոփոխելը և վերացնելը

1. Հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը:

2. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին ծանուցումը պետք է կատարվի մրցույթը հայտարարելու եղանակով:

3. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու դեպքում մրցույթ հայտարարած անձը պետք է հատուցի ցանկացած անձի կրած ծախսերը, որը նա կատարել է հայտարարության մեջ նախատեսված աշխատանքի վրա` մինչև այն պահը, երբ իրեն հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին:

Մրցույթ հայտարարած անձն ազատվում է ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ նշված աշխատանքը կատարելը կապված չի եղել մրցույթի հետ, մասնավորապես, այն կատարվել է մինչև մրցույթ հայտարարելը կամ ակնհայտորեն չի համապատասխանում մրցույթի պայմաններին:

4. Եթե մրցույթի պայմանները փոփոխելիս կամ մրցույթը վերացնելիս խախտվել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերում նշված պահանջները, մրցույթ հայտարարած անձը պետք է պարգևը վճարի նրանց, ովքեր կատարել են հայտարարությունում նշված պայմանները բավարարող աշխատանք:

Հոդված 1045. Պարգև վճարելու մասին որոշումը

1. Պարգև վճարելու մասին որոշումը պետք է կայացվի և հրապարակային մրցույթի մասնակիցներին հաղորդվի մրցույթի հայտարարության մեջ սահմանված ժամկետում ու կարգով:

2. Եթե հայտարարության մեջ նշված արդյունքները ձեռք են բերվել երկու և ավելի անձանց համատեղ աշխատանքով, պարգևը բաշխվում է նրանց միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Նման համաձայնության բացակայության դեպքում պարգևը բաշխելու կարգը որոշում է դատարանը:

Հոդված 1046. Պարգևի արժանացած գիտության, գրականության և արվեստի ստեղծագործություններն օգտագործելը

Եթե հրապարակային մրցույթի առարկան գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործություն ստեղծելն է, և այլ բան նախատեսված չէ մրցույթի պայմաններով, հրապարակային մրցույթ հայտարարած անձը պայմանավորված պարգևին արժանացած ստեղծագործության հեղինակի հետ այդ ստեղծագործությունն օգտագործելու պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի` դրա համար համապատասխան վարձատրություն վճարելով:

Հոդված 1047. Հրապարակային մրցույթի մասնակիցներին ներկայացված աշխատանքները վերադարձնելը

Հրապարակային մրցույթ հայտարարած անձը պարտավոր է պարգևի չարժանացած աշխատանքները վերադարձնել մրցույթի մասնակիցներին, եթե այլ բան նախատեսված չէ մրցույթի մասին հայտարարության մեջ և չի բխում կատարված աշխատանքի բնույթից:

Գ Լ ՈՒ Խ  59

ԱՌԱՆՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, Ի ՇԱՀ ՈՒՐԻՇԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1048. Առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունների պայմանները

1. Առանց շահագրգիռ անձի հանձնարարության, նրա այլ ցուցումի կամ նախապես տրված համաձայնության, գործողությունները, որոնք նպատակ են հետապնդել կանխել այդ անձին կամ նրա գույքին պատճառվելիք վնասը, կատարել նրա պարտավորությունները կամ պաշտպանել նրա այլ օրինաչափ շահերը (ի շահ ուրիշի գործողություններ), պետք է կատարվեն գործի հանգամանքների համար անհրաժեշտ հոգատարությամբ և շրջահայացությամբ` ելնելով շահագրգիռ անձի ակնհայտ օգուտից կամ շահից ու նրա իրական կամ հավանական մտադրություններից:

2. Սույն գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ի շահ ուրիշ անձանց կատարած գործողությունների նկատմամբ, որոնց համար նման գործողություններ կատարելն իրենց գործունեության նպատակներից մեկն է:

Հոդված 1049. Շահագրգիռ անձի ծանուցումն ի շահ նրա գործողություններ կատարելու մասին

1. Ի շահ ուրիշի գործող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել շահագրգիռ անձին և ողջամիտ ժամկետի ընթացքում սպասել ձեռնարկված գործողություններին հավանություն տալու կամ չտալու մասին նրա որոշմանը, եթե միայն նման սպասումը շահագրգիռ անձին լուրջ վնաս չի պատճառի:

2. Շահագրգիռ քաղաքացուն ի շահ նրան գործողություններ կատարելու մասին հայտնելը պարտադիր չէ, եթե այդ գործողությունները ձեռնարկվում են նրա ներկայությամբ:

Հոդված 1050. Շահագրգիռ անձի կողմից ի շահ իրեն ձեռնարկված գործողություններին հավանություն տալու հետևանքները

Եթե անձը, ի շահ որի և առանց նրա հանձնարարության գործողություններ են ձեռնարկվում, հավանություն է տալիս այդ գործողություններին, կողմերի հարաբերությունների նկատմամբ հետագայում կիրառվում են հանձնարարության կամ այն պայմանագրի կանոնները, որը համապատասխանում է ձեռնարկված գործողությունների բնույթին:

Հոդված 1051. Շահագրգիռ անձի կողմից ի շահ իրեն ձեռնարկված գործողություններին հավանություն չտալու հետևանքները

1. Ի շահ ուրիշի գործողությունները, որոնք կատարվել են այն բանից հետո, երբ դրանց կատարողին հայտնի է դարձել, որ դրանք չեն արժանացել շահագրգիռ անձի հավանությանը, վերջինիս համար չեն հանգեցնում գործողություններ կատարած անձի կամ երրորդ անձանց հանդեպ պարտականությունների:

2. Գործողությունները, որոնց նպատակն է կանխել անձի կյանքին սպառնացող վտանգը, թույլատրվում են նաև այդ անձի կամքին հակառակ, իսկ որևէ մեկի նկատմամբ հոգածության պարտականություն կատարելը` այն անձի կամքին հակառակ, որի վրա դրված է այդ պարտականությունը:

Հոդված 1052. Ի շահ ուրիշի գործած անձի կրած վնասները հատուցելը

1. Սույն գլխով նախատեսված կանոններին համապատասխան ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը հատուցվում է շահագրգիռ անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքի 1051 հոդվածի 1-ին կետում նշված գործողություններից առաջացած ծախսերի:

Անհրաժեշտ ծախսերը և այլ իրական վնասը հատուցելու իրավունքը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ ի շահ ուրիշի գործողությունները չեն հանգեցրել ենթադրվող արդյունքին: Սակայն այլ անձի գույքի վնասը կանխելու դեպքում հատուցման չափը չի կարող գերազանցել գույքի արժեքը:

2. Ի շահ ուրիշի գործող անձի կատարած ծախսերը և այն վնասները, որոնք նա կրել է կապված այնպիսի գործողություններ կատարելու հետ, որոնք նախապես արժանացել են շահագրգիռ անձի հավանությանը (հոդված 1050), հատուցվում են պայմանագրի համապատասխան տեսակի մասին կանոններով:

Հոդված 1053. Ի շահ ուրիշի գործողությունների համար վարձատրությունը

Անձը, որի ի շահ ուրիշի գործողությունները հանգեցրել են շահագրգիռ անձի համար դրական արդյունքի, իրավունք ունի վարձատրություն ստանալ, եթե նման իրավունքը նախատեսված է օրենքով, շահագրգիռ անձի հետ համաձայնությամբ կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Հոդված 1054. Ի շահ ուրիշի գործարքի հետևանքները

Ի շահ ուրիշի կնքված գործարքով պարտականություններն անցնում են այն անձին, ի շահ որի կնքվել է գործարքը, եթե վերջինս հավանություն է տվել այդ գործարքին, և եթե մյուս կողմը չի առարկում նման փոխանցման դեմ կամ գործարքը կնքելիս գիտեր կամ պետք է իմանար, որ այն կնքվում է ի շահ ուրիշի:

Նման գործարքով պարտականությունների հետ միասին, այն անձին, ի շահ որի կնքվել է գործարքը, պետք է անցնեն նաև այդ գործարքով իրավունքները:

Հոդված 1055. Ի շահ ուրիշի գործողություններով պատճառված վնասը հատուցելը

Ի շահ ուրիշի գործողություններով շահագրգիռ անձին կամ երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 60 գլխով նախատեսված կանոններով:

Հոդված 1056. Ի շահ ուրիշի գործողությունների հետևանքով անհիմն հարստացումը

Եթե անմիջականորեն այլ անձի շահերի ապահովմանը չուղղված գործողությունները` ներառյալ այն դեպքում, երբ դրանք կատարող անձը սխալմամբ ենթադրել է, որ գործում է ի շահ իրեն, հանգեցրել են այլ անձի անհիմն հարստացման, կիրառվում են սույն օրենսգրքի 61 գլխով նախատեսված կանոնները:

Հոդված 1057. Ի շահ ուրիշի գործող անձի հաշվետվությունը

Ի շահ ուրիշի գործող անձը պարտավոր է այն անձին, ի շահ որի իրականացվել են նման գործողությունները, հաշվետվություն ներկայացնել` ստացված եկամուտների, կրած ծախսերի և այլ վնասների նշումով:

ԻՆՆԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  60

ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1058. Վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը

1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

2. Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

3. Օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում:

4. Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ:

5. Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:

(1058-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Հոդված 1059. Վնաս պատճառելը կանխելը

1. Ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հատուցման համար:

2. Եթե պատճառված վնասը հետևանք է շենքի, շինության շահագործման կամ այլ արտադրական գործունեության, որը շարունակում է վնաս պատճառել կամ սպառնում է նոր վնասով, դատարանն իրավունք ունի պատասխանողին պարտավորեցնել վնաս հատուցելուց բացի կասեցնել կամ դադարեցնել համապատասխան գործունեությունը:

3. Դատարանը կարող է մերժել համապատասխան գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հայցը, եթե այն կասեցնելը կամ դադարեցնելը հակասում է պետական շահերին: Նման գործունեությունը կասեցնելը կամ դադարեցնելը մերժելը տուժողներին չի զրկում այդ գործունեությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքից:

Հոդված 1060. Անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելը

Անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չեն գերազանցվել դրա սահմանները:

Հոդված 1061. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը

1. Ծայրահեղ անհրաժեշտության, այսինքն` վնաս պատճառողին կամ այլ անձանց սպառնացող վտանգի վերացման պայմաններում պատճառված վնասը, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացվել այլ միջոցներով, պետք է հատուցի վնաս պատճառած անձը:

2. Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա` ի շահ որի գործել է վնաս պատճառողը կամ վնասը հատուցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատել, ինչպես այդ երրորդ անձին, այնպես էլ վնասը պատճառողին:

Հոդված 1062. Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար

1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:

3. Տնտեսական ընկերակցությունները հատուցում են իրենց մասնակիցների կողմից ընկերակցության ձեռնարկատիրական կամ այլ գործունեություն իրականացնելիս պատճառված վնասը:

Հոդված 1063. Պատասխանատվությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար

Քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հոդված 1064. Պատասխանատվությունը հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063 հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:

3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդված 1065. Վնասը հատուցելիս Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինները և անձինք

Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն օրենսգրքի 129 հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Հոդված 1066. Իր պատասխանատվությունն ապահովագրած անձի կողմից վնասը հատուցելը

Կամավոր կամ պարտադիր ապահովագրության կարգով հօգուտ տուժողի իր պատասխանատվությունն ապահովագրած քաղաքացին կամ իրավաբանական անձը, այն դեպքում, երբ պատճառված վնասը լրիվ հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար է, հատուցում է ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը:

(1066-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-69-Ն)

Հոդված 1067. Պատասխանատվությունը մինչև տասնչորս տարեկան անչափահասների պատճառած վնասի համար

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չեն ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:

2. Եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը, եթե չի ապացուցում, որ վնասը անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:

3. Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով:

31. Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:

4. Փոքրահասակի պատճառած վնասը հատուցելու, ծնողների, որդեգրողների, խնամակալի, կրթական, դաստիարակչական, բուժական և այլ հաստատությունների պարտականությունը չի դադարում փոքրահասակի չափահաս տարիքի հասնելով կամ նրա կողմից վնասը հատուցելու համար բավարար գույք ստանալով:

5. Եթե ծնողները, որդեգրողները, խնամակալը կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված այլ քաղաքացիները մահացել են կամ բավարար միջոցներ չունեն տուժածի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողը, դառնալով լրիվ գործունակ, ունի այդպիսի միջոցներ, դատարանը, հաշվի առնելով տուժողի և վնաս պատճառողի գույքային դրությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ, իրավունք ունի վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:

(1067-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Հոդված 1068. Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար:

2. Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել:

3. Եթե հոգաբարձության կարիք ունեցող տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը լրիվ կամ չբավարարող մասով, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է վնաս պատճառողի չափահաս տարիքի դառնալով կամ այն դեպքերում, երբ մինչև չափահաս դառնալը նա ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը հատուցելու համար, կամ նա գործունակություն ձեռք է բերել մինչև չափահաս տարիքի հասնելը:

Հոդված 1069. Պատասխանատվությունն անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար

1. Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

2. Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայում նրան գործունակ ճանաչելու դեպքում:

3. Եթե խնամակալը մահացել է կամ բավարար միջոցներ չունի տուժողի կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողն ունի նման միջոցներ, դատարանն իրավունք ունի, տուժողի ու վնաս պատճառողի գույքային դրության և այլ հանգամանքների հաշվառմամբ, վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:

Հոդված 1070. Պատասխանատվությունը սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար

Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է ինքը` վնաս պատճառողը:

Հոդված 1071. Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար

1. Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար:

Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տուժողի և վնաս պատճառողի գույքային դրության, ինչպես նաև այլ հանգամանքների հաշվառմամբ վնաս հատուցելու պարտականությունը լրիվ կամ մասնակիորեն դնել վնաս պատճառողի վրա:

2. Վնաս պատճառողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե ոգելից խմիչքներ, թմրադեղեր օգտագործելով կամ այլ եղանակով իրեն հասցրել է այնպիսի վիճակի, որում նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:

3. Եթե վնասը պատճառվել է անձի կողմից, որը հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դատարանը կարող է վնասը հատուցելու պարտականությունը դնել այդ անձի հետ համատեղ բնակվող աշխատունակ ամուսնու, ծնողների, չափահաս երեխաների վրա, ովքեր իմացել են վնաս պատճառողի հոգեկան խանգարման մասին, սակայն չեն բարձրացրել նրան անգործունակ ճանաչելու հարցը:

 

Հոդված 10711. Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը

 

1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով:

Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը անշարժ գույքը տիրապետողի կամ օգտագործողի հետ կրում է համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, և եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու հետևանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և շահագործման ընթացքում պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրում է կառուցապատողը:

3. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:

(10711-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

 

Հոդված 10712. Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը

 

1. Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:

2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:

3. Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:

(10712-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Հոդված 1072. Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի համար

1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով:

Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

2. Առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա:

3. Առավել վտանգի աղբյուրների սեփականատերերը, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմունքներով, համապարտ պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխներգործության (տրանսպորտային միջոցների բախում և այլն) հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի համար:

Առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով նրանց սեփականատերերին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (հոդված 1058):

(1072-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Հոդված 1073. Պատասխանատվությունը համատեղ պատճառված վնասի համար

1. Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Տուժողի դիմումի հիման վրա և հօգուտ նրա, դատարանն իրավունք ունի համատեղ վնաս պատճառած անձանց վրա պատասխանատվություն դնել մասերով` դրանք որոշելով սույն օրենսգրքի 1074 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան:

Հոդված 1074. Վնասը հատուցած անձանց հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը

1. Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:

2. Համատեղ պատճառած վնասը հատուցած վնաս պատճառողն իրավունք ունի մյուս վնաս պատճառողներից պահանջել տուժողին վճարված հատուցման բաժինը` այդ վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով: Մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում բաժինները ճանաչվում են հավասար:

3. Հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների կամ դատարանի պաշտոնատար անձի պատճառած վնասը հատուցելու դեպքում (1064 հոդվածի 1-ին կետ) Հայաստանի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձից, եթե վերջինիս մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

4. Սույն օրենսգրքի 1067-1069 հոդվածներում նշված հիմունքներով վնասը հատուցած անձինք հետադարձ պահանջի իրավունք չունեն վնաս պատճառած անձից:

Հոդված 1075. Վնասը հատուցելու եղանակները

Դատարանը, բավարարելով վնասի հատուցման պահանջը, գործի հանգամանքներին համապատասխան, պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով (տրամադրել նույն տեսակի և որակի գույք, վերանորոգել վնասված գույքը և այլն) կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):

Հոդված 1076. Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը

1. Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում:

2. Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից:

Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել:

Տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը (1078 հոդվածի 1-ին կետ), կերակրողի մահվամբ ծագած վնասը (հոդված 1082), ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս (հոդված 1087):

3. Դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, հաշվի առնելով վերջինիս գույքային դրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ կատարված գործողություններով:

§ 2. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

Հոդված 1077. Պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը

Պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաև զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն և այլ համապատասխան պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է սույն գլխով նախատեսված կանոններով, եթե պատասխանատվության ավելի բարձր չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 1078. Առողջության քայքայմամբ պատճառված վնասը հատուցելու ծավալը և բնույթը

1. Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:

2. Կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս տուժողին` հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):

3. Տուժողին պատճառված վնասի հատուցման ծավալը և չափը կարող է մեծացվել օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 1079. Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի) չափը որոշելը

1. Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:

2. Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) կազմում ներառվում են նրա ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ կատարված աշխատանքի` եկամտային հարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանագրերով վարձատրության բոլոր վճարները: Հաշվի չեն առնվում միանվագ բնույթի վճարները, մասնավորապես, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և արձակման նպաստը: Ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության համար արձակուրդի ժամանակաշրջանի համար հաշվի է առնվում վճարված նպաստը: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ինչպես նաև հեղինակային հոնորարը ներառվում են կորցրած աշխատավարձի կազմում, ընդ որում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները ներառվում են հարկային տեսչության տվյալների հիման վրա:

Աշխատավարձի (եկամտի) բոլոր տեսակները հաշվի են առնվում մինչև հարկային պահումները եղած չափով:

3. Տուժողի ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելուն նախորդած տասներկու ամսվա նրա աշխատավարձը (եկամուտը) տասներկու մասի բաժանելու միջոցով: Այն դեպքում, երբ տուժողը վնաս պատճառելու ժամանակ աշխատել է տասներկու ամսից պակաս, նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների աշխատավարձի (եկամտի) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելով:

Տուժողի ցանկությամբ ոչ լրիվ աշխատած ամիսները փոխարինվում են լրիվ աշխատած նախորդ ամիսներով, իսկ դրանց փոխարինման անհնարինության դեպքում` հանվում են հաշվարկից:

4. Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե մինչև տուժողին հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը նրա աշխատավարձում (եկամտում) կատարվել են նրա գույքային դրությունը բարելավող կայուն փոփոխություններ (բարձրացել է զբաղեցրած պաշտոնի աշխատավարձը, տուժողը փոխադրվել է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի կամ ցերեկային ուսուցմամբ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի և այլ դեպքերում, երբ ապացուցվել է տուժողի աշխատանքի վարձատրության կայուն փոփոխությունը կամ փոփոխության հնարավորությունը), նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) որոշելիս հաշվի է առնվում միայն այն աշխատավարձը (եկամուտը), որը նա ստացել է կամ կարող էր ստանալ համապատասխան փոփոխությունից հետո:

(1079-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն)

Հոդված 1080. Չափահաս տարիքի չհասած անձի առողջությանը պատճառված վնասը հատուցելը

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին (փոքրահասակին), որը չունի աշխատավարձ (եկամուտ), հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերը:

2. Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան հասակի անչափահասի, որը չունի աշխատանք (եկամուտ), առողջությանը վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից:

3. Եթե առողջությանը վնաս հասցվելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է, ելնելով այդ աշխատավարձի չափից, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

4. Անչափահասը, որի առողջությանը նախկինում վնաս է պատճառվել, աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո իրավունք ունի, ելնելով իր ստացած աշխատավարձից, պահանջել վնասի հատուցման չափի մեծացում, սակայն իր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված վարձատրությունից կամ իր աշխատատեղի նույն որակավորման աշխատողի աշխատավարձից ոչ ավելի չափով:

Հոդված 1081. Կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցելը

1. Տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`

1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.

2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.

3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.

4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

2. Վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.

5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

Հոդված 1082. Կերակրողին կորցնելու դեպքում կրած վնասը հատուցելու չափը

1. Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1079 հոդվածի կանոններով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:

2. Վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:

3. Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) երեխայի ծնունդը կերակրողի մահվանից հետո.

2) մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակումը և դադարումը:

4. Հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:

Հոդված 1083. Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը

1. Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին:

2. Անձը, ում վրա դրված է տուժողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու պարտականություն, իրավունք ունի պահանջել նվազեցնելու հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է:

3. Տուժողն իրավունք ունի պահանջել մեծացնելու վնասի հատուցման չափը, եթե քաղաքացու, ում վրա դրվել է վնասը հատուցելու պարտականությունը, գույքային դրությունը բարելավվել է, իսկ հատուցման չափը նվազեցված է եղել սույն օրենսգրքի 1076 հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

4. Դատարանը վնաս պատճառած քաղաքացու պահանջով կարող է նվազեցնել վնասի հատուցման չափը, եթե նրա գույքային դրությունը, կապված հաշմանդամության կամ կենսաթոշակային տարիքի հասնելու հետ, վատթարացել է վնասի հատուցում նշանակելու պահի վիճակի համեմատ, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ գործողություններով:

Հոդված 1084. Վնասի հատուցման չափի մեծացումը` կապված կյանքի թանկացման և նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ

1. Տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարը կյանքի թանկացման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ենթակա է ինդեքսավորման:

2. Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու դեպքում կորցրած աշխատավարձի (եկամտի) և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարները մեծանում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն (հոդված 357):

Հոդված 1085. Վնաս հատուցելու վճարները

1. Վնասի հատուցումը` կապված տուժողի աշխատունակության նվազելու կամ մահվան հետ, կատարվում է ամենամսյա վճարներով:

Հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը, վնաս պատճառողի հնարավորությունների հաշվառմամբ, կարող է վնասի հատուցման իրավունք ունեցող քաղաքացու պահանջով նրան տրվելիք վճարները հատկացնել միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար:

2. Լրացուցիչ ծախսերի հատուցման գումարները (1078 հոդվածի 1-ին կետ) կարող են հատկացվել ապագա ժամանակի համար բժշկական փորձաքննության հիման վրա որոշվող ժամկետների շրջանակներում, ինչպես նաև համապատասխան ծառայությունների և գույքի արժեքի նախապես վճարման անհրաժեշտության դեպքում` ներառյալ ուղեգրերի ձեռքբերումը, հատուկ տրանսպորտային միջոցներով ուղևորությունները:

Հոդված 1086. Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում

1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր:

Հոդված 1087. Հուղարկավորության ծախսերը հատուցելը

Տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերն այն անձին, ով այդ ծախսերը կատարել է:

Այդ ծախսերը կատարած քաղաքացիների կողմից հուղարկավորության համար ստացած նպաստները չեն հաշվարկվում վնասների հատուցման հաշվում:

 

§ 2.1. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-21-Ն) 

 

Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները

 

1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:

12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

(1087.1-ին հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-97-Ն)

 

Հոդված 1087.2. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները

(վերնագիրը փոփ. 21.12.15 ՀՕ-184-Ն)

 

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

(1087.2-րդ հոդվածը  լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.15 ՀՕ-184-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-241-Ն) 

 

§ 2.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(REDRESS)

(պարագրաֆը  լրաց. 16.12.16 ՀՕ-241-Ն) 

 

 Հոդված 1087.3. Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման հասկացությունը, բովանդակությունը, կարգն ու պայմանները

1. Սույն օրենսգրքի իմաստով՝ խոշտանգումից տուժած է համարվում անձը, որին պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:

2. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը:

3. Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:

5. Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խոշտանգումից տուժած անձը կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:

6. Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:

7. Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած փոխհատուցման չափով։

8. Սույն հոդվածով նախատեսված փոխհատուցման տարրերից յուրաքանչյուրով խոշտանգումից տուժած անձը կարող է խոշտանգման յուրաքանչյուր փաստով պատճառված վնասների հատուցում ստանալ միայն մեկ անգամ:

(1087.3-րդ հոդվածը  լրաց. 16.12.16 ՀՕ-241-Ն) 

§ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 1088. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու հիմքերը

1. Քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամասային կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից:

2. Սույն հոդվածում նախատեսված կանոնները կիրառվում են միայն սպառողական, սակայն ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման նպատակներով ապրանքներ ձեռք բերելու (աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու) դեպքերում:

Հոդված 1089. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատու անձինք

1. Ապրանքի թերությունների հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման վաճառողի կամ ապրանք արտադրողի կողմից:

2. Աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման աշխատանք կատարած կամ ծառայություն մատուցած անձի (կատարողի) կողմից:

3. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին լիակատար կամ հավաստի տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց կողմից:

Հոդված 1090. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու ժամկետները

1. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի (աշխատանքի, ծառայության) պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանիության ժամկետ չի սահմանված` ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում:

2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`

1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանիության ժամկետ չի սահմանվել.

2) անձը, ում վաճառվել է ապրանքը, ում համար կատարվել է աշխատանքը կամ մատուցվել է ծառայությունը, չի նախազգուշացվել մինչև պիտանիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին:

Հոդված 1091. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվելու հիմքերը

Ապրանք վաճառողը կամ արտադրողը, աշխատանքներ կատարողը կամ ծառայություններ մատուցողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների օգտագործման կամ դրանց պահպանման համար սահմանված կանոնները խախտելու հետևանքով:

 

Հոդված 10911. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը

 

1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:

2. Անբարեխիղճ գովազդի հետևանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդ արտադրողը կամ գովազդակիրը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի վճարված հատուցման չափով, եթե գովազդ արտադրողի կամ գովազդակրի պահանջով գովազդատուն չի ներկայացրել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):

3. Անբարեխիղճ գովազդի համար պատճառված վնասը կրում է գովազդակիրը, եթե գովազդատուին հնարավոր չէ գտնել:

(10911-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.