ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 71-75

Գ Լ ՈՒ Խ  71

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ

Հոդված 1192. Ընդհանուր դրույթներ

1. Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:

2. Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:

3. Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին:

4. Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:

5. Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ:

6. Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:

7. Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:

Հոդված 1193. Կտակի ազատությունը

1. Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

2. Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

3. Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:

Հոդված 1194. Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք

1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:

2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

3. Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:

Հոդված 1195. Ժառանգներ նշանակելը

1. Քաղաքացին իրավունք ունի իր ամբողջ գույքը կամ դրա մասը ժառանգել ինչպես ըստ օրենքի ժառանգներին, այնպես էլ` մեկ կամ մի քանի այլ անձանց:

2. Կտակարարն իրավունք չունի իր կողմից նշանակված ժառանգների վրա կտակով պարտականություն դնել, որպեսզի վերջիններս իրենց հերթին` մահվան դեպքում որոշակի ձևով տնօրինեն իրենց կտակված գույքը:

Հոդված 1196. Ժառանգների բաժինները կտակված գույքում

Երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:

Հոդված 1197. Պայմանով կտակ

1. Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով:

2. Ժառանգ նշանակելու կամ ժառանգության իրավունքից զրկելու վերաբերյալ կարգադրությունում ներառված ապօրինի պայմաններն անվավեր են:

3. Կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, կարող է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով:

Հոդված 1198. Ենթաժառանգներ նշանակելը

1. Կտակարարը կարող է կտակում նշել այլ ժառանգի (ենթաժառանգի), այն դեպքի համար, եթե նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգությունը բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինաչափ պայմանները:

2. Ենթաժառանգ կարող է լինել ցանկացած անձ, ով կարող է ժառանգ լինել սույն օրենսգրքի 1190 հոդվածին համապատասխան:

3. Ըստ կտակի ժառանգի հրաժարվելը ժառանգությունից` ի վնաս այլ ժառանգի, չի թույլատրվում:

Հոդված 1199. Ցանկացած գույք կտակելու իրավունք

1. Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:

2. Ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:

3. Կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:

Հոդված 1200. Գույքի չկտակված մասը ժառանգելը

Կտակարարի գույքի չկտակված մասը բաշխվում է ըստ օրենքի ժառանգների միջև, որոնք ժառանգության են հրավիրվում սույն օրենսգրքի 72 գլխով սահմանված կարգով:

Այդպիսի ժառանգների թվին են պատկանում նաև ըստ օրենքի այն ժառանգները, որոնց, ըստ կտակի, թողնվել է գույքի մյուս մասը:

Հոդված 1201. Ժառանգությունից զրկելը

1. Կտակարարն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին:

2. Եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր:

Հոդված 1202. Կտակը վերացնելը, փոփոխելը և լրացնելը

1. Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

2. Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`

1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.

2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:

3. Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

4. Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:

5. Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը:

6. Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումը պետք է ներկայացվի կտակ կազմելու համար` սույն օրենսգրքով սահմանված ձևով:

(1202-րդ հոդվածը փոփ. 19.10.16 ՀՕ-181-Ն)

Հոդված 1203. Կտակի ձևը

1. Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:

Հոդված 1204. Անձամբ ստորագրված կտակին հավասարեցված կտակը

Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը և նրա բնակության վայրը:

Հոդված 1205. Կտակի նոտարական վավերացումը

1. Կտակը վավերացնում է նոտարը նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:

2. Նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակը գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն):

3. Կտակարարի բառերով` նոտարի գրի առած կտակը, մինչև դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ:

Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, ապա նոտարը դրա տեքստը հրապարակում է վկայի ներկայությամբ, և այդ մասին նշում է կատարվում կտակում` ցույց տալով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը:

4. Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է:

Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:

5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային և կտակարարի փոխարեն կտակն ստորագրող անձին կտակի գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին:

6. Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:

7. Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան պաշտոնատար անձը` կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին սույն օրենսգրքի կանոնները պահպանելով:

Հոդված 1206. Փակ կտակ

1. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ):

2. Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:

3. Կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:

4. Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:

5. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:

Հոդված 1207. Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները

1. Նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են`

1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից.

2) զինծառայողների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները` վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից.

3) հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները` վավերացված համայնքի ղեկավարի կողմից.

4) երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից.

5) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ նավերի նավապետերի կողմից.

6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը:

Նման կտակների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 1205 հոդվածի կանոնները:

3. Սույն հոդվածին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին:

Հոդված 1208. Անձինք, ովքեր չեն կարող վկա լինել և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը

Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին համապատասխան կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարող լինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել`

1) նոտարը կամ կտակը վավերացնող այլ անձը.

2) այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները.

3) լրիվ գործունակությամբ չօժտված քաղաքացիները.

4) անգրագետները և կտակը կարդալ չկարողացող անձինք.

5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում կազմված կտակի լեզվին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ.

6) կեղծ ցուցմունք տալու համար դատվածություն ունեցող անձինք:

Հոդված 1209. Կտակի գաղտնիությունը

1. Նոտարը, կտակը վավերացնող այլ անձը, վկաները, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակն ստորագրած քաղաքացին իրավունք չունեն մինչև ժառանգության բացումը տեղեկություններ հրապարակել կտակի բովանդակության, այն կազմելու, վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին:

2. Կտակի գաղտնիությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով:

Հոդված 1210. Կտակի մեկնաբանումը

1. Նոտարը, կտակակատարը կամ դատարանը, կտակը մեկնաբանելիս, պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

2. Կտակի որևէ դրույթի տառացի իմաստը պարզ չլինելու դեպքում այն որոշվում է այդ դրույթը կտակի այլ դրույթների և ամբողջ կտակի իմաստի հետ համադրելու միջոցով:

Հոդված 1211. Կտակի անվավերությունը

1. Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:

2. Կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգությունը բացվելը:

3. Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

4. Կտակի վրիպակները և այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտումները, եթե ապացուցված է, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, հիմք չեն կտակն անվավեր ճանաչելու համար:

5. Անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:

6. Կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից:

Հոդված 1212. Կտակը կատարելը: Կտակակատարը

1. Կտակարարը կարող է կտակ կատարելը հանձնարարել կտակում նշված անձին` կտակակատարին: Այդ անձի` որպես կտակակատար հանդես գալու համաձայնությունը պետք է արտահայտված լինի կտակում արված նրա անձնական մակագրության կամ կտակին կից հայտարարության մեջ:

2. Ժառանգներն իրենց համաձայնությամբ կարող են կտակի կատարումը հանձնարարել իրենցից մեկին կամ այլ անձի: Նման համաձայնության բացակայության դեպքում ժառանգներից մեկի կամ մի քանիսի պահանջով կտակակատար նշանակում է դատարանը:

3. Կտակակատարն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել իր պարտականությունների կատարումից` այդ մասին նախապես տեղեկացնելով ըստ կտակի ժառանգներին: Ժառանգների դիմումի հիման վրա, դատարանի վճռով, կտակակատարը կարող է ազատվել իր պարտականությունների կատարումից:

4. Կտակակատարը պարտավոր է`

1) սույն օրենսգրքի 76 գլխով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար.

2) բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին.

3) ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը.

4) սույն օրենսգրքի 1242 հոդվածով սահմանված հերթականությամբ մարել ժառանգման հետ կապված պարտքերը.

5) ապահովել ժառանգների կողմից իրենց հասանելիք գույքի ստացումը ժառանգատուի կամքին և օրենքին համապատասխան.

6) կատարել կտակային հանձնարարությունները կամ ըստ կտակի ժառանգներից պահանջել կտակային հանձնարարության կատարում:

5. Կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործեր:

6. Կտակակատարն իր գործառնություններն իրականացնում է այն ժամկետում, որն անհրաժեշտ է ժառանգատուին հասանելիք գումարները բռնագանձելու, ժառանգությունը պարտքերից մաքրելու և ժառանգությունը բոլոր ժառանգների կողմից տիրապետելու համար:

7. Կտակակատարը ժառանգների պահանջով պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին:

8. Կտակակատարը` ժառանգությունը պահպանելու, այն կառավարելու և կտակը կատարելու հետևանքով կրած անհրաժեշտ ծախսերի համար ժառանգության հաշվին հատուցում, ինչպես նաև` վարձատրություն ստանալու իրավունք ունի: Կտակում կարող է նախատեսվել կտակակատարի վարձատրությունը ժառանգության հաշվին:

Հոդված 1213. Կտակային հանձնարարություն

1. Կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարելու որևէ պարտավորություն (կտակային հանձնարարություն) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու այդ պարտավորությունը:

Կտակարարը կարող է նման պարտականություն դնել կտակակատարի վրա` գույքի մի մասն առանձնացնելով կտակային հանձնարարության կատարման համար:

2. Շահառուի (պարտատիրոջ) և ժառանգի, որի ժառանգական իրավունքը ծանրաբեռնված է կտակային հանձնարարությամբ (պարտապանի), միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի կանոններից կամ կտակային հանձնարարության էությունից:

3. Կտակային հանձնարարությունը պետք է սահմանվի կտակում:

4. Շահառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգները, այնպես էլ այլ անձինք: Շահառուի իրավունքն անօտարելի է և չի անցնում այլ անձանց: Կտակում կարող է շահառուին նշանակվել ենթաշահառու:

5. Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը սեփականության կամ օգտագործման իրավունքով շահառուին հանձնելը, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունքը նրան փոխանցելը, այլ գույք ձեռք բերելն ու նրան հանձնելը, նրա համար որոշակի աշխատանքներ կատարելը կամ նրան որոշակի ծառայություններ մատուցելը:

Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել նաև կտակարարին պատկանող կենդանիները պահելը և խնամելը:

6. Կտակարարն իրավունք ունի այն ժառանգի վրա, որին անցնում է բնակելի տունը (բնակարանը), պարտավորություն դնել, որպեսզի նա տունը կամ դրա որոշակի մասը տրամադրի այլ անձի (անձանց)` ցմահ օգտագործման: Բնակելի տան (բնակարանի) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու դեպքում դրա նկատմամբ ցմահ օգտագործման իրավունքը պահպանում է իր ուժը:

7. Բնակելի տան (բնակարանի) ցմահ օգտագործման իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և չի անցնում շահառուի ժառանգներին:

8. Շահառուին տրամադրված բնակելի տան ցմահ օգտագործման իրավունքը հիմք չէ այդ տանը նրա ընտանիքի անդամների բնակության համար, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:

Հոդված 1214. Կտակային հանձնարարություն կատարելը

1. Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում:

2. Եթե ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող` նրան անցած ժառանգության արժեքով:

3. Եթե կտակային հանձնարարության կատարումը դրված է մի քանի ժառանգների վրա, ապա այն ծանրաբեռնում է ժառանգության նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի իրավունքը` ժառանգության իրենց բաժնին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:

4. Այն ժառանգի մահվան դեպքում, ում վրա դրված է կտակային հանձնարարության կատարումը կամ նրա կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում կտակային հանձնարարությունը կատարում են նրա բաժինն ստացած մյուս ժառանգները:

5. Կտակային հանձնարարությունը կատարելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն կտակակատարը, ժառանգները, ինչպես նաև շահագրգիռ անձինք:

Գ Լ ՈՒ Խ  72

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Հոդված 1215. Ընդհանուր դրույթներ

1. Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:

2. Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:

3. Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:

Հոդված 1216. Առաջին հերթի ժառանգներ

Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Հոդված 1217. Երկրորդ հերթի ժառանգներ

Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

(1217-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-34-Ն)

Հոդված 1218. Երրորդ հերթի ժառանգներ

Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:

Հոդված 1219. Չորրորդ հերթի ժառանգներ

Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Հոդված 1220. Ժառանգատուի խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք

Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:

Հոդված 1221. Ժառանգությունը ներկայացման իրավունքով

1. Մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

2. Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:

Հոդված 1222. Ամուսնու իրավունքները ժառանգության դեպքում

Կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:

Հոդված 1223. Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը

1. Ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին (արյունակից ազգականներին):

2. Որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո:

Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:

Հոդված 1224. Անժառանգ գույքի տնօրինումը

1. Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:

2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Գ Լ ՈՒ Խ  73

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Հոդված 1225. Ժառանգությունն ընդունելու կարգը

1. Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

2. Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:

3. Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

4. Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից:

5. Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

6. Ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:

7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:

(1225-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն)

Հոդված 1226. Ժառանգությունն ընդունելու եղանակները

1. Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

2. Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

3. Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Հոդված 1227. Ժառանգությունն ընդունելու ժամկետը

1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Հոդված 1228. Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո

1. Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

2. Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

3. Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Հոդված 1229. Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը (ժառանգության տրանսմիսիա)

1. Եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին:

2. Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` սույն օրենսգրքի 1225-1228 հոդվածներին համապատասխան:

3. Որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:

Գ Լ ՈՒ Խ  74

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Հոդված 1230. Ժառանգությունից հրաժարվելու իրավունք

1. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

2. Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

3. Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

4. Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

5. Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:

6. Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

7. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

Հոդված 1231. Ժառանգությունից հրաժարվելը հօգուտ այլ անձի

1. Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

2. Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.

2) ժառանգության պարտադիր բաժնից.

3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:

Հոդված 1232. Ժառանգության բաժինների ավելացումը

1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով:

Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա ժառանգությունից հրաժարված կամ վերը նշված այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին հասանելիք ժառանգության մասն անցնում է մնացած ըստ կտակի ժառանգներին և բաշխվում է նրանց միջև ժառանգության բաժիններին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չեն կիրառվում, եթե`

1) հրաժարված կամ այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին նշանակված է ենթաժառանգ.

2) ժառանգը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ այլ ժառանգի:

Հոդված 1233. Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը

1. Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից:

Չի թույլատրվում հրաժարվել կտակային հանձնարարությունից վերապահումներով կամ պայմանով մասնակիորեն` ինչպես նաև դրանից հրաժարվել հօգուտ երրորդ անձի:

2. Այն դեպքում, երբ շահառուն միաժամանակ ժառանգ է, կտակային հանձնարարությունից հրաժարվելու սույն հոդվածով նախատեսված նրա իրավունքը կախված չէ ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու նրա իրավունքից:

3. Եթե շահառուն հրաժարվել է կտակային հանձնարարությունից, ապա ժառանգը, որը պարտավոր է կատարել կտակային հանձնարարությունը, ազատվում է այն կատարելու պարտականությունից:

Գ Լ ՈՒ Խ  75

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵԼԸ

Հոդված 1234. Ժառանգության նկատմամբ ժառանգների ընդհանուր սեփականությունը

1. Ըստ կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու կամ մի քանի ժառանգների` առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները և, ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու կամ ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:

2. Ժառանգվող գույքի ընդհանուր սեփականության նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային սեփականության մասին` սույն օրենսգրքի 12 գլխի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով:

3. Ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում:

Հոդված 1235. Ժառանգությունը բաժանելիս դրա զանգվածի մեջ մտնող որոշակի գույքի նկատմամբ ժառանգի նախապատվության իրավունքը

1. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի:

2. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուին պատկանող բնակելի տան (բնակարանի) նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ տունը (բնակարանը), ինչպես նաև տնային գործածության իրերը և այլ առարկաներն ստանալու նախապատվության իրավունք ունի:

3. Գույքի և ժառանգության նախապատվության իրավունք ունեցող ժառանգին հասանելիք բաժնի անհամաչափությունը վերացվում է մնացած ժառանգներին ժառանգության զանգվածից այլ գույք կամ փոխհատուցում` ներառյալ համապատասխան դրամական գումար տալու միջոցով:

4. Ժառանգը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը միայն մյուս ժառանգներին համապատասխան փոխհատուցում տրամադրելուց հետո, եթե այլ բան սահմանված չէ ժառանգների համաձայնությամբ:

Հոդված 1236. Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ

1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:

2. Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու, վերաբերյալ համաձայնությունը, եթե այն կնքվել է մինչև ժառանգության իրավունքի վկայագիր տալը և վավերացվել է նոտարի կողմից, հիմք է ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու համար` դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքները:

3. Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերժելու համար:

Հոդված 1237. Ժառանգության բաժանելը դատարանով

Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների համաձայնության բացակայության դեպքում ժառանգությունը սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան բաժանում է դատարանը:

Հոդված 1238. Սաղմնավորված, սակայն դեռ չծնված կամ անչափահաս ժառանգի շահերի պաշտպանությունը ժառանգությունը բաժանելիս

1. Սաղմնավորված, սակայն դեռ չծնված ժառանգի առկայության դեպքում ժառանգության բաժանումը կարող է կատարվել միայն նրա ծնվելուց հետո:

2. Անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը պետք է մասնակցի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.