«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության գործով 3 անձի առաջադրվել է մեղադրանք, մեկ անձի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու  ուղղությամբ:

    


Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործարքի պատրվակով հափշտակություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արագածոտնի բնակիչ է, ծնված՝ 1988թ.։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.