Օֆշորների գաղտնիքը. Ռուսական որ խարդավանքից է անհրաժեշտ զգուշանալ

Ինչո՞ւ արևմտյան տերությունները լրացուցիչ քայլեր չեն ձեռնարկում՝ ռուսական փողերի աննախադեպ ագրեսիան կանխելու համար: Ի՞նչ վտանգ են ներկայացնում արևմտյան երկրների տնտեսության համար՝ նույն այդ երկրներ ներհոսող ռուսական մեծաքանակ գումարները: Այս և մի շարք այլ խնդիրների է անդրադարձել «Բլյումբերգ»-ի վերլուծաբան Լեոնիդ Բերշիդսկին:


Մոռացեք թվիթերյան տրոլների, ֆեյսբուքյան ապակողմնորոշող հայտարարությունների և պրոպագանդիստական բազմալեզու վեբ-կայքերի մասին: Սրանք իրականության հետ մոտավոր իսկ աղերսներ չունեն: Արևմտյան դեմոկրատիային սպառնացող ռուսական ամենամեծ վտանգը՝ ռուսների կողմից Արևմուտք տեղափոխվող և այնտեղ պահվող դրամական միջոցների ահռելի զանգվածն է: Այդ գումարներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերն անսահմանափակ են: Ու այս պարագայում՝ թե՛ գնալով աշխարհից մեկուսացող Ռուսաստանը, թե՛ հակառուսական տրամադրվածություն դրսևորող Արևմուտքը գրեթե ոչինչ չեն ձեռնարկում աննախադեպ այդ հոսքը կանխելու համար: Վերջերս հրապարակված հետազոտության մեջ՝ Թոմաս Պիկետին, Ֆիլիպ Նովոկմետը և Գաբրիել Զուկմանը անդրադառնալով ռուսական ընկերությունների և բիզնեսմենների կողմից օֆշորային գոտիներում պահվող կապիտալին, եկել են եզրահանգման, որ մոտավոր հաշվարկներով այն կազմում է 1 տրիլիոն դոլար, ինչը համարժեք է Ռուսաստանի քաղաքացիների կողմից տնօրինվող բնական միջոցների հանրագումարին: Հենց այստեղ է պետք փնտրել Ռուսաստանում տիրող իրավիճակի ամբողջ տրամաբանությունը: Եթե երկրից քիչ գումար դուրս հոսեր, ապա դա երկրի ներսում տնտեսական մեծամասշտաբ ներդրումների, միով բանիվ՝ տնտեսական շռնդալից վերելքի միջոց և քաղաքական լիբերալիզացիայի խթան կհանդիսանար: Այդուհանդերձ, ընդունող երկրների համար այդ գումարները նույնպես այնքան էլ անվտանգ չեն: Այդ գումարների հաշվին են վճարվում և ֆինանսավորվում հարյուրներով հաշվվող անբարեխիղճ իրավաբաններն ու բանկիրները, հենց որոնց միջոցով էլ ստեղծվում են հարկերից խուսափմանը միտված տրանսազգային կոռուպցիոն ցանցերը: Վերջերս Գերմանիայի Դաշնության նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը համաձայնեց ստանձնել ռուսական պետական «Ռոսնեֆթ» ընկերության կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, որը ռուսական պրոպագանդայից ավելի վնաս հասցրեց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Ռուսական փողերով իրականացված Թրամփ ընտանիքի նախկին գործարքները՝ նախագահական ընտրարշավի ժամանակ ծայր առած սկանդալային պատմություններից շատ ավելի կասկածելի են: Ռուսական փողերի հետ կապված մշուշոտ կասկածներից և նույնով պայմանավորված հարձակումներից զերծ չմնաց նաևՀիլարի Քլինթոնը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե դեմ չէ, որ այդ գումարները «վերադառնան» երկիր: 2012 թվականի ամենամյա իր ուղերձում նա իր բողոքը հայտնեց, նշելով, որ ռուսական 10 ընկերության կողմից իրականացված գործարքներից 9-ը իրականացվել են արտերկրում՝ Ռուսաստանի իրավասության շրջանակներից հեռու: Պուտինը հանդես եկավ ապաօֆշորացման կոչվով և ստորագրեց հակաօֆշորային օրենք: Սակայն ինչպես միշտ է պատահում, այս դեպքում ևս ցանկալի արդյունք այն չարձանագրեց: Ռուսական դատարանների՝ իրավարար վճիռների, սեփականության իրավունքի և պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորը դառնալու անունակությամբ պայմանավորված՝ Ռուսաստանն իրականում փորձում է տնտեսական արդարությանն առնչվող հարցերը տեղափոխել արտերկիր: Այդ իսկ պատճառով էլ ռուսական խոշորագույն ընկերությունները, այդ թվում նավթագազային այնպիսի պետական հսկաներ՝ ինչպիսիք են «Գազպրոմն» ու «Ռոսնեֆթը», հարկադրված են գործել ռուսական իրավական դաշտից հեռու, այսինքն այնտեղ՝ որտեղ պայմանագրային բնականոն հարաբերությունները հաստատվում են օրենքների սահմաններում և վերահսկվում դատարանների կողմից: Երևույթի պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ արտասահմանյան գործընկերները չեն վստահում ռուսական դատարանների անաչառությանը: Իրականում,սակայն, նույն կերպ են կարծում նաև ռուս չինովնիկներն ու բիզնեսմենները: Այդ իսկ պատճառով էլ լոնդոնյան դատարաններն են վճռում՝ Միացյալ Թագավորության տարածքում չգործող ռուսական ընկերությունների միջև ծագող վեճերը:

Գծագրվող պատկերը գրեթե ամեն ինչ պարզում է: Արևմտյան կառավարություններն իրենք պետք է պարզեն ու հետաքննեն օֆշորային սխեմաներն ու գործունեության ուղիները, որոնց միջոցով ռուսական ընկերությունների բոլոր վեճերը քննվում են արևմտյան դատարաններում, իսկ կասկածելի ծագմամբ ռուսական գումարներն էլ պահվում եվրոպական և Միացյալ Նահանգների բանկերում: Անցկացվող հետաքննություններն էլ, տարօրինակ «զուգադիպությամբ» դեռևս ցանկալի արդյունք չեն արձանագրում: Այս տարի, օրինակ, «Deutsche Bank»-ը բավարարեց Միացյալ Նահանգներից և Միացյալ Թագավորությունից ներկայացված, «հայելային առևտուր» որակված հայցը՝ վճարելով 630 միլիոն դոլար: Խոսքը վերաբերում է ակնհայտ խարդախ գործարքների, որոնք թույլ էին տվել հիշյալ բանկի օգտատերերին՝ 10 միլիարդ դոլար դուրս բերել Ռուսաստանից: «Deutsche Bank»-ը, ճիշտ է, «փակեց» գործը, բայց մեկ է՝ հիշատակված 10 միլիարդը այդպես էլ չքվեց ու դա հետաքննության նյութ այդպես էլ չդարձավ:

Այնպես որ, Արևմուտքին անհրաժեշտ է լրջորեն զբաղվել ռուսական միջոցների ապաօֆշորիզացմամբ, բայց ոչ այն կերպ, ինչ նկատի ունի Պուտինը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.