Թմրամիջոցի կրկնակի չարաշահում

Թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի կրկնակի չարաշահում

Ամեն ինչ սկսվում է առաջին փորձից …

Պատկերացնում եք, ամաչկոտ և իր այս թույլ կողմի մասին քաջ գիտակցող դեռահասը, փորձելով հոգեխթանիչ հաբ, վերափոխվում է ինքնավստահ և «նախկին» բարդույթներից զերծ «հզոր» մի անձնավորության, որը կարող է իրեն այնպիսի արարքներ թույլ տալ, որ հետո զարմանալու է իր իսկ «քաջության» վրա: Այլ օրինակ. անձն ունի այնպիսի խնդիրներ, որ «գիշերները քունը չի տանում», և ընկերոջ հյուրասիրված մարիխուանան «բացում է աչքերը և մոռացնել տալիս հոգին կրծող թախիծը»:

Օրինակները շատ են, իսկ արդյունքները` հաճախ մեկը. դեռահասը սկսում է կրկնակի անգամ օգտագործել նույն թմրամիջոցը կամ էլ փորձարկում մեկ ուրիշը` «ավելի լավը»:

Կան միմյանց լրացնող մի շարք տեսություններ, որոնց հեղինակները փորձում են բացատրել, թե ինչո՞ւ է անհատը չարաշահում այս կամ այն թմրամիջոցը կամ որևէ հոգեմետ նյութ: Օրինակ, ժառանգականության տեսության կողմնակիցները պնդում են, որ ամեն ինչի, այդ թվում` թմրամոլության և թունամոլության հիմքում ընկած է այդ անձի ժառանգական նախատրամադրվածությունը: Այս տեսությամբ է բացատրվում այն երևույթը, որ նույն թմրատեսակն օգտագործող տարբեր անձանց մոտ հակվածությունը և այնուհետև թմրամոլությունը զարգանում են տարբեր ժամանակաշրջաններում:

Թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարբերաբար չարաշահում

Սա ոմանց համար դեպի թմրամոլություն կամ թունամոլություն տանող ավելի երկար, ոմանց համար էլ մի քանի շաբաթվա կամ ամսվա ուղին է: Անձը խթանիչ է օգտագործում ամեն անգամ, երբ դիսկոտեկ է այցելում, ինքն էլ չհասկանալով, թե ինչպես է իր ընդունած խթանիչը պարզապես ուրախ ժամանցն ապահովող միջոցից վերածվում մի «նպատակի», որի համար նա սկսում է դիսկոտեկ այցելել:

Երբ ինչ-որ բան մարդուն հաճելի զգացումներ է պարգևում, ապա այն կրկին վերապրելու ցանկություն է առաջանում. սա նորմալ երևույթ է: Ի`նչ է նշանակում սիրելի մարդուն կարոտելը. դա մեկ անգամ ևս տեսնելու, հետը շփվելու և հաճույքով «պարուրվելու» զգացումն է, որը պատանուն հանգիստ չի տալիս մինչև սպասված հանդիպումը: Նույն ձևով, հոգեներգործուն նյութերի պարբերաբար չարաշահումը հանգեցնում է նրան, որ հակվածությունը վերածվում է հոգեկան կախվածության` կրկին ու կրկին թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու ուժեղ և անհաղթահարելի ցանկության: Հոգեկան կախվածության առաջացումն անհատի համար հնչում է որպես ահազանգ` նա արդեն թմրամոլ (թունամոլ) է:

Հոգեներգործուն նյութերի չարաշահման հետևանքով ծագող բժշկական խնդիրները

Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ չարաշահողն իր հաճույքներին հագուրդ է տալիս այդ նյութերի օգտագործման վաղ շրջաններում: օրերից մի օր այդ նույն էյֆորիան` տրամադրության բարձրացումը, թարմության, թեթևության, ճարպկության և բարեհաջողության զգացումը, դառնում է ոչ այնքան ցանկալի, որքան որ զրկանքի համախտանիշից խուսափում: Զրկանքի համախտանիշը կոտրում է անհատի առողջ դատողությունը: Զրկանքի համախտանիշին բնորոշ են հետևյալ նշանները, աճող գրգռվածություն, նյարդայնություն, հոգնածություն, հուսահատության հասցնող անտանելի վախի զգացում, որոնք ուղեկցվում են ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, անքնությամբ, ուժեղ գլխացավերով, նյարդային դողով, մկանների, հոդերի, որովայնի տանջալի կոտրատող ցավերով, վերջույթների ընդարմացմամբ, մկանային ցնցումներով և այլն: «Օդից ու ջրից ավելի կարևոր» թմրամիջոցը դառնում է այն միակ նպատակը, որի վրա կենտրոնանում են թմրամոլի բոլոր ծրագրերն ու արարքները:

Թմրամոլության զարգացումը կրում է անհատական բնույթ և պայմանավորված է ինչպես օգտագործվող թմրամիջոցի տեսակով, այնպես էլ թմրամոլի տարիքով, օգտագործման հաճախականությամբ և այլն: Թմրամիջոցի օգտագործումը կրճատում է մարդու կյանքի տևողությունը (միջինը` 20-30 տարով): Թմրամոլների կյանքի միջին տևողությունը կրճատվում է ոչ միայն թմրամիջոցի թունավոր և քայքայիչ ազդեցության հետևանքով (լյարդի ցիռոզ, թրոմբոֆլեբիտ, թրոմբոզ), այլև զրկանքի համախտանիշի ժամանակ կատարվող ինքնասպանությունների, գերդեղաչափավորումների, ինչպես նաև չախտահանված ներարկիչների օգտագործման պատճառով առաջացած բարդությունների (հեպատիտ Բ,Ց, Միավ/Ձիահ, սեպսիս և այլն) հետևանքով:

Ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործողների համար հատկապես լուրջ խնդիր է ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի հեպատիտ Բ,Ց փոխանցումը, քանի որ նրանց շրջանում տարածված է միևնույն ներարկիչով թմրամիջոցների ներարկումը: Վարակը փոխանցվում է նաև թմրամիջոցի միջոցով, քանի որ թմրամոլները հաճախ մի քանի ներարկիչներով օգտվում են միևնույն տարողությունից, և բավական է, որ ներարկիչներից մեկում լինի վարակակիր թմրամոլի արյուն, որ վարակը թափանցի թմրամիջոցի մեջ և հետագայում փոխանցվի մյուսներին: Մեր հանրապետությունում ՄԻԱՎ վարակակիր անձանց մեծամասնու-թյունը վարակվել է հենց թմրամիջոցների ներերակային օգտագորխման ճանապարհով:

Թմրամոլին սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկը գերդեղաչափավորումն է, որի ժամանակ արյան հետ մեծ քանակությամբ թմրամիջոց է անցնում գլխուղեղ: Գլխուղեղում, թմրամիջոցի ազդեցությամբ ընկճվում են մարդու համար կենսական նշանակություն ունեցող օրգանների և օրգան համակարգերի (սիրտ, թոքեր, լյարդ և այլն) աշխատանքը կարգավորող կենտրոնները: Ժամանակին օգնություն չստանալու դեպքում թմրամոլը կարող է մահանալ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.