Թմրամոլություն և թունամոլություն

Ինչ է թմրամոլությունը

Թմրամոլությունն այն վիճակն է, երբ անձն ապօրինի ճանապարհով պարբերաբար, որոշակի ծավալներով օգտագործում է թմրամիջոց հանդիսացող նյութ կամ հոգեմետ դեղորայք, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա և առաջացնում հոգեբանական և ֆիզիկական կախվածություն: Նշված նյութերը ՀՀ-ում ընդգրկված են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցուցակներում (տես հավելվածում):

Թմրամոլությունը հիվանդություն է: Թեթև թմրամիջոցի գործածումից (մարիխուանա), որի ազդեցությունը դառնում է սովորական, անձը փնտրում է նոր էյֆորիա և աստիճանաբար անցնում ավելի «ծանր» թմրամիջոցի գործածմանը (ափիոն, հերոին), որոնց ազդեցությունը թելադրում է ժամանակ առ ժամանակ ընդունել ավելի բարձր դոզաներ, որն էլ իր հերթին բերում է մարդուն դեպի մահ:

Թմրամիջոցի պարբերաբար օգտագործումը վաղ թե ուշ առաջ է բերում հոգեկան կախվածություն, իսկ չդադարեցնելու դեպքում նաև` ֆիզիկական կախվածություն: Սա նշանակում է, որ «թմրամոլ» ախտորոշում ունեցող հիվանդը պետք է անպայման ունենա հոգեկան կախվածություն` իր իսկ կողմից պարբերաբար օգտագործվող թմրամիջոցից: Մյուս կողմից, եթե անձն օգտագործում է (կամ օգտագործել է) որևէ թմրամիջոց, բայց նրա մոտ դեռևս հոգեկան կախվածության նշաններ չկան, նա դեռևս թմրամոլ չէ:

Այսինքն` թմրամիջոց օգտագործողը որակվում է թմրամոլ այն դեպքում, եթե նրա մոտ ի հայտ է գալիս հոգեկան կախվածություն: Հոգեկան կախվածությունից հետո առաջանում է ֆիզիկական կախվածություն: Երբ անձի մոտ ի հայտ է գալիս ֆիզիկական կախվածություն, ապա կարելի է վստահորեն ասել, որ նրա մոտ կա նաև հոգեկան կախվածություն:

Որևէ թմրամիջոցից ֆիզիկական կախվածություն ունեցող անձը համարվում է թմրամոլ կամ թմրամոլությամբ հիվանդ:

Հարկ է նշել, որ որոշ «ծանր» թմրամիջոցներ (ափիոն, հերոին, կոկաին) հոգեկան կախվածություն են առաջացնում առաջին իսկ ընդունումից հետո: Այսինքն` կան դեպքեր, երբ թմրամիջոցի առաջին իսկ ընդունումը բավական է, որ անձը դառնա թմրամոլ:

Ինչ է թունամոլությունը

Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված նյութերի չարաշահման հետևանքով (հոգեկան ու վարքագծային խանգարումներ և այդ միջոցներից զարգացող հոգեկան, իսկ երբեմն նաև` ֆիզիկական կախվածություն):
Թունամոլ համարվելու համար նույնպես պարտադիր պայման է հոգեկան կախվածության առկայությունը հոգեմետ դեղամիջոցից: Հոգեմետ նյութերի օգտագործումն առանց այդ կախվածության` դեռևս թունամոլություն չէ:

Թմրամոլության կամ թունամոլության առաջացում

Իսկ ինչպե`ս է թմրամիջոց կամ հոգեմետ նյութ չարաշահողը պարզապես չարաշահողից վերածվում թմրամոլի կամ թունամոլի:

Հիշենք, որ չարաշահումը դեռ թմրամոլություն կամ թունամոլություն չէ, այն դեռևս կարելի է բնորոշել որպես արգելված նյութերի ապօրինի, առանց բժշկի նշանակման օգտագործում:

Ինչպես արդեն նշվեց վերևում, թմրամոլության և թունամոլության առաջին և պարտադիր նշանը հոգեկան կախվածության առաջացումն է: Արդեն առկա հոգեկան կախվածությունն այնքան կայուն է, որ անգամ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը դադարեցնելուց հետո մնում է ողջ կյանքի ընթացքում:

Հոգեկան կախվածությունն ունի իր բժշկական բացատրությունը: Թմրամլության և թունամոլության զարգացումը պայ­մանա­վորված է գլխուղեղում կատարվող անդարձելի տեղաշար­ժերով, օրինակ` հատուկ նյարդային ընկալիչների (ռեցեպտոր) փոփոխություններով, զանազան նյութերի (մեդիատորներ, օրինակ` դոպամին, սերոտոնին, էնդորֆիններ, էնկեֆալիններ և այլն) առաջացման կայուն արգելակմամբ կամ ավելցուկով և այլն: Հենց այս մեխանիզմներով են բացատրվում հոգեներգործուն նյութերի առաջացրած ոչ միայն հաճույքի, տրամադրության բարելավման և մնացած «ցանկալի» սկզբնական ազդեցությունները, այլև ավելի ուշ ի հայտ եկող հոգեկան և ֆիզիկական կախվածությունը, տոլերանտությունը և զրկանքի համախտանիշը, բնավորության և վարքագծի փոփոխությունները և այլն:

Հոգեկան կախվածությունն ավելացնում է նոր երևույթ. թմրամիջոցների նոր դեղաչափերն այլևս չեն բավարարում նախորդ անգամվա էյֆորիան ստանալու համար: Օրգանիզմն արդեն «սովորել» է այդ դեղաչափին և պահանջում է թմրամիջոցի ավելի մեծ քանակություն: Սա թմրամոլությանը և թունամոլությանը բնորոշ տոլերանտությունն է:

Եվ, վերջապես, ի հայտ են գալիս տվյալ թմրատեսակին հատուկ զրկանքի համախտանիշի (աբստինենտային) նշաններ` թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հերթական դեղաչափի ընդունման անհագուրդ ցանկություն` զուգակցված խորը հոգեկան և ֆիզիկական անախորժ զգացումներով, մարմնի կոտրատվածություն, անքնություն, լուծ, նոխկանք և փսխում, գերգրգռվածություն կամ անտարբերություն և այլն: Եթե կա զրկանքի համախտանիշ, ապա կարելի է ասել, որ հիվանդի մոտ (ուշադրություն դարձրեք, որ անհատը պարզապես չարաշահողից վերածվեց լուրջ հիվանդի, գուցե` անբուժելի հիվանդի) արդեն ձևավորվել է ֆիզիկական կախվածություն, երբ թմրամոլը ստիպված է լինում արդեն իր ֆիզիկական տառապանքները մեղմելու համար կրկին ու կրկին թմրամիջոցներ օգտագործել:

Առաջացած արատավոր օղակը (թմրամոլը զրկանքի համախտանիշը մեղմելու համար ստիպված է մշտապես թմրամիջոցներ օգտագործել և պարբերաբար ավելացնել դրանց չափաբաժինը) ի վերջո հանգեցնում է անձի հոգեկան և սոցիալական լրիվ դեգրադացիայի:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.